211652_close_icon
views-count1183 դիտում article-date 19:59 21-06-2014

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հավաքը հայտարարություն է տարածել

ունիսի 15-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հավաքը, ավարտելով իր աշխատանքը, հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է. «Մենք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 15-21-ը հավաքվեցինք միաբանական ժողովի համայն հայության հոգևոր կենտրոնում` աղոթական և եղբայրական սիրո մթնոլորտում: Միասնաբար աղոթեցինք մեր Հայրենիքի և առաքելահիմն Սուրբ Եկեղեցու անսասանության ու պայծառության, մեր հավատավոր ժողովրդի բարօրության և բարգավաճման համար` հայցելով ամենակարող Աստծո օգնականությունն ու օրհնությունը: Ժողովական այս օրերին, խորհրդածության նյութ ունենալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, նաև այցելեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարության հույսով և հավատով աղոթելով անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Հոգևոր մխիթարությամբ արձանագրեցինք, որ 2013 թ. Սուրբ Էջմիածնում գումարված Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը որոշել է սրբադասել Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակներին: Իջման Ս. Սեղանի առջև նորոգեցինք մեր միաբանական ուխտը` առավել նախանձախնդրությամբ և հավատով իրականացնելու մեր առաքելությունն աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում: Գոհունակությամբ ենք փաստում հոգևոր-եկեղեցական կյանքում վերջին շրջանում արձանագրված հաջողություններն ու ձեռքբերումները և Եկեղեցու գործուն ներգրավվածությունը մեր հասարակական կյանքի զանազան բնագավառներում: Մենք նաև քաջ գիտակից ենք, որ հայ հանրության առջև ծառացած բարոյական և ընկերային մարտահրավերները դիմագրավելու, ինչպես նաև հոգևոր-եկեղեցական կյանքում տեղ գտնող սայթաքումները շտկելու համար Հայ Եկեղեցու սպասավորներից պահանջվում է առավել ջանք ու եռանդ, աստվածսիրության և հայրենանվիրումի անկոտրում ոգի: Այս առումով մենք ողջունում ենք անաչառ և կառուցողական քննադատությունը, սակայն, ցավոք, հաճախ նաև հնչում են անհիմն մեղադրանքներ, տեսանելի է ուղղորդված հակաեկեղեցական քարոզչություն Հայ Եկեղեցու և միաբանության հասցեին: Հորդորում ենք մեր ժողովրդին` տուրք չտալ շինծու այդ գնահատականներին և շարունակել գործուն և հանձնառու մասնակցություն բերել եկեղեցական կյանքից ներս` ի փառս Աստծո և ի նպաստ Մայր Եկեղեցու զորացման ու շենացման: Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը եղբայրական սիրո ու նախանձախնդիր ծառայության ուխտի մեջ պիտի շարունակի իր առաքելությունը` ավետարանական լույս պատվիրանների սերմանմամբ կանխելու անցանկալի երևույթները ազգային-եկեղեցական կյանքում: Հայ Եկեղեցին իր պատմական փորձառությամբ, ամբարած իմաստությամբ և ստեղծած մշտամնա արժեքներով ազգային կյանքում եղել է և այսօր էլ մնում է հայ մարդու ինքնության պահպանության և քրիստոնեական արժեհամակարգի կենսագործման հիմնական երաշխավորը: Մենք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, գիտակից մեր կոչմանն ու առաքելությանը, միասնական ոգով ու կամքով վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը և անմնացորդ սերը Սրբություն Սրբոց աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգիս հոգևոր հոր` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ»:

Նմանատիպ նյութեր