211652_close_icon
views-count1072 դիտում article-date 16:57 01-07-2014

Մեկնարկեց ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների մարզային փուլը

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այսօր մեկնարկել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլը: ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գևորգ Դանիելյանն ու Հրայր Թովմասյանը ներկայացրել են Հայեցակարգով նախատեսված դրույթները, պատասխանել քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հարցերին: Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, նշել է, որ իրավական, արժեհամակարգային հակասություններից խուսափելու համար պետք է մտցնել սահմանադրաիրավական կարգավորումներ, որոնք կհստակեցնեն արժեքային հարաբերություններն ու լուծումներ կտան դրանց միջև առաջացող հակասություններին: Նա ընդգծել է նաև իրավական և սոցիալական պետության սկզբունքների կյանքի կոչման համար սահմանադրաիրավական մեխանիզմների ճիշտ ներդրման անհրաժեշտությունը, որը կհստակեցնի այդ սկզբունքների գործառույթային և արժեքային ամբողջությունը: Հաջորդ կարևոր հանգամանքը, ըստ Դանիելյանի, համայնքների խոշորացման մեխանիզմն է, որը նույնպես պետք է կազմակերպվի սահմանադրական դրույթների ճկունության շնորհիվ, որը կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը: Հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը շեշտել է Սահմանադրության կենսաբանական նշանակության մասին, որը պետք է կարողանա արտացոլել սոցիալ-քաղաքական իրականությունը, կարգավորել հասարակական հարաբերությունները: «Չպետք է բոլոր հարաբերությունները կարգավորեն իշխանությունները, դրա համար պետք են լավ աշխատող սոցիալական ինստիտուտներ, որի իրականացումն ապահովում է սահմանադրությունը»,-նշել է Թովմասյանը՝ հավելելով նաև, որ 1995թ-ի Սահմանադրությունը հիմնականում պտտվում էր նախագահի իշխանության ամրապնդման շուրջը, որը նվազեցնում էր գործադիր իշխանության դերը, դատական իշխանությունը նույնպես գտնվում էր նախագահի ուժեղ վերահսկողության ներքո: «2005թ-ի Սահմանադրությամբ իշխանությունների տարանջատման հարցը որոշակիորեն լուծվեց, նվազեցվեցին նախագահի իշխանական լիազորությունները, գործադիր իշխանության ինքնուրույնությունը բարձրացվեց: Բայց այս սահմանադրությամբ մարդու իրավունքներն ունեին միայն ամրագրված տեսք. դրանց իրականացման երաշխիքները բացակայում են»,- ասել է Հանձնաժողովի անդամը: Թովմասյանի խոսքով՝ պետք է սահմանել պետության պարտականությունը, որը սահմանադրական մակարդակով պետք է ապահովի այդ իրավունքների իրականացումը: Մյուս կարևոր խնդիրը, ըստ նրա, այդ իրավունքների իրականացման մեխանիզմների ամրագրումն է, հստակ կանոնների սահմանումը: Պետք է հասկանալ, թե որքանով այդ կանոնները սահմանող մարմինները անկախ կլինեն, որքանով կկարողանան իրականացնել այդ գործառույթները և կկրեն որոշակի պատասխանատվություն: Խոսելով կառավարման ձևի մասին` Հրայր Թովմասյանը շեշտել է, որ կիսանախագահական կառավարման մոդելի դեպքում, Նախագահը, եթե չունի պառլամենտական մեծամասնություն, ապա արտաքին քաղաքականության իրականացման ժամանակ կանգնում է լուրջ խնդիրների առաջ և հասունանում է հակասություն՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորության և ռեալ գործառույթների իրականացման հնարավորության միջև: Հանդիպման ավարտին Հանձնաժողովի անդամները հորդորել են ներկաներին Հայեցակարգի վերաբերյալ առաջարկները ներկայացնել նաև գրավոր տեսքով՝ Հանձնաժողովի քարտուղարությունը: Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Արտաշատում:

Նմանատիպ նյութեր