211652_close_icon

Փաշինյանի հանցավոր սխալներից մեկն այն է, որ նա Հայաստանի Սահմանադրության հարցը դարձրել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի օբյեկտ. Սուրենյանց

views-count580 դիտում article-date 17:34 17-04-2025
Նոր Սահմանադրություն ունենալու որոշումից հետո Նիկոլ Փաշինյանն երեկ առաջին անգամ հայտարարեց՝ տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, հստակ շեշտելով` դա իր քաղաքական դիրքորոշումն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

««Այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, չի կարող լինել, դա անհնար է: Եթե ես սա ասում եմ, հետևաբար՝ ես չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Ընդհակառակը՝ ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե՝ փաստարկներ, կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են», - ընդգծել է Փաշինյանը:

Այս ուղիղ տեքստով հայտարարությունից հետո այլևս ակնհայտ է, որ նոր Սահմանադրության ընդունման միակ մոտիվը, «հայեցակարգը» Ադրբեջանի պահանջները կատարելն է:

Փաշինյանի հանցավոր սխալներից մեկն այն է, որ նա Հայաստանի Սահմանադրության հարցը դարձրել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի օբյեկտ:

Այս պարագայում, Ալիևի պարտադրանքով Սահմանադրություն ընդունելու դեպքում՝ Հայաստանը վերածվելու է ադրբեջանական ենթապետության, կանխատեսելի «ոչ»-ի դեպքում՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը «վաստակելու» են «ռևանշիստի» պիտակը:

Եվ ուրեմն, մենք պարտավոր ենք վիժեցնել նոր Սահմանադրության ընդունման գործընթացն՝ առհասարակ:
Հայաստանն ունի սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, սակայն սա մեր հասարակության ինքնիշխան իրավունքն է, որը պետք է իրացվի հայ- ադրբեջանական հարաբերությունների համատեքստից դուրս և կարգավորումից հետո:

Ես սկզբունքորեն դեմ չեմ, որ պատերազմում կրած պարտությունից հետո մենք ազգային- պետական նոր՝ ավելի համեստ նախագծի կարիք ունենք, որն, անշուշտ, նաև սահմանադրական կարգավորում պետք է ունենա:

Սակայն այդ հարցը պետք է լուծվի ոչ թե Անկախության հռչակագրի կամ դրա հղման դեմ ոտնձգությամբ, այլ Սահմանադրության նոր հոդվածով, որը կազդարարի, թե Հայաստանը տարածքային պահանջ չունի որևէ երկրի դեմ ու իր տարածքում արգելում է նման օրակարգ ունեցող ուժերի գործունեությունը:

Հ.գ- Ի դեպ ճիշտ այն պահին, երբ Երևանում Նիկոլ Փաշինյանը ոտնձգություն էր անում Անկախության հռչակագրի դեմ, Գյումրիում ընդդիմության միասնական թեկնածու և քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը սինխրոն հայտարարություն էր անում Հայաստանի ինքնիշխանության դեմ՝ մեր երկիրը տեսնելով Ռուսաստան- Բելառուս միության մեջ:

Այս առիթով բազմիցս եմ ասել՝ ես սկզբունքորեն դեմ եմ՝ ինչպես Հայաստանի «ուկրաինացմանը», այնպես էլ՝ «բելառուսացմանը»»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր