831 դիտում
19:08 02-07-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԵԵՄ ներկայացուցչական ժողովի մասնակիցներին
Հուլիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) ներկայացուցչական ժողովի առիթով Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից Մայր Աթոռ ժամանած երիտասարդական միությունների շուրջ վաթսուն ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերություների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Հանդիպումն սկսվեց ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Հովնան արքեպիսկոպոսի խոսքով, ով ներկայացրեց առաջիկա օրերին կայանալիք Հայ Եկեղեցու թեմական երիտասարդաց խորհուրդների ներկայացուցիչների ժողովի օրակարգը: Եռօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն 2015 թ. Մայր Աթոռում գումարվելիք ՀԵԵՄ 3-րդ պատգամավորական ժողովի նախապատրաստմանը, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և միջթեմական երիտասարդական համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր: Սրբազանը վստահություն հայտնեց, որ ժողովը կնպաստի տարբեր թեմերի երիտասարդական կառույցների միջև կապերի առավել արդյունավորմանը և կզորացնի սերը և հավատարմության ոգին հանդեպ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ու Ամենայն Հայոց Հայրապետը:
Այնուհետև թեմերի երիտասարդ ներկայացուցիչներին իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ընդգծեց, որ երիտասարդների ներկայությունը եկեղեցական կյանքում առանձնակի ոգևորություն ու խանդավառություն է պարգևում` լավատեսություն ներշնչելով, որ Հայոց Եկեղեցին ապահով ձեռքերում է:
Նորին Սրբությունը գոհունակությամբ փաստեց, որ աշխարհի տարբեր ծայրերից երիտասարդ հայորդիները նախանձախնդիր ոգով ու նվիրումով, հավատարիմ իրենց հայրերի հավատքին ու սիրուն, գալիս են շարունակելու Հայ Եկեղեցու սրբազան առաքելությունը: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին` երիտասարդությանը դեպի Մայր Եկեղեցի առաջնորդելու և նրա կապը Եկեղեցու հետ ամուր պահելու համար:
Անդրադարձ կատարելով Հայ Եկեղեցու և հայ հավատացյալի առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց որոշ կրոնական կազմակերպությունների և շարժումների քայքայիչ գործունեության, ինչպես նաև Հայ Եկեղեցու հեղինակությունը վարկաբեկող հակաեկեղեցական ուղղորդված քարոզչության առիթով: Այս առումով Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց երիտասարդական խորհուրդների և միությունների գործունեությունը` միտված ազգային-եկեղեցական կյանքում նման անցանկալի երևույթների կանխարգելմանը և հոգևոր-ազգային արժեքների զորացմանն ու քարոզչությանը:
Խոսելով Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ՀԵԵՄ ծրագրերի մասին` Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին իրենց երկրներում և համայնքներում ամենքին հաղորդ դարձնել Հայոց Ցեղասպանության իրողությանը` այդպիսով իրենց ներդրումը բերելով հայ ժողովրդի 20-րդ դարի մեծագույն ողբերգության համընդհանուր ճանաչման գործընթացին:
Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը թելադրեց երիտասարդներին ավելի մեծ հանձնառությամբ գործել ի նպաստ ազգային-եկեղեցական շահերի պաշտպանության:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին ՀԵԵՄ առաքելության զորացմանն ուղղված ծրագրերին և հետագա անելիքներին:
Նմանատիպ նյութեր
957 դիտում
21:15 28-02-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Համահայկական խաղերի մասնակիցներին
1196 դիտում
20:09 10-06-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Միջազգային խորհրդակցության մասնակիցներին
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»