1928 դիտում
16:20 21-07-2014
Մայրաքաղաքում կուժեղացվի հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման, մասնավորապես, հանգստյան օրերին իրականացվող աշխատանքների ուղղությամբ: Զուգահեռ, ըստ անհրաժեշտության, շարունակվում են նաև աղբամանների տեղադրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին խստորեն հանձնարարել է վերահսկել սանմաքրման ձեռնարկությունների կողմից կազմակերպվող աշխատանքներն ու ձեռնարկել համապատասխան քայլեր:
«Մայրաքաղաքում մաքրության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները նկատելի են, սակայն ոչ բավարար: Այստեղ մեր մոտեցումն ու դիրքորոշումը պետք է լինի առավել կոշտ: Հրավիրեք սանմաքրման կազմակերպությունների պատասխանատուներին և պահանջեք աշխատանքների պատշաճ կազմակերպում:
Ի դեպ, տեղեկացնեմ, որ քաղաքապետարանն այսօր ակտիվ բանակցություններ է տանում մայրաքաղաքում աղբի վերամշակման գործարան հիմնելու ուղղությամբ և մինչև տարեվերջ, կարծում եմ, բանակցություններն ըստ ամենայնի ավարտված կլինեն, և արդեն հաջորդ տարի այս ուղղությամբ կիրականացնենք առավել կոնկրետ քայլեր, որոնց շնորհիվ առաջիկա տարիներին քրոնիկ այս խնդիրը ևս կվերանա մայրաքաղաքում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն անդրադարձել է նաև վերջին շրջանում բնակիչների կողմից համատիրությունների աշխատանքների կազմակերպման հետ կապված դժգոհություններին և հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել այդ աշխատանքների նկատմամբ: Բացի այդ, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին նաև հանձնարարել է բնակիչների հետ միասին քննարկել և, անհրաժեշտության դեպքում, վերանայել համատիրությունների նախագահների հետագա աշխատանքի նպատակահարմարությունը:
Մայրաքաղաքի շուկաներում սանիտարական պատշաճ վիճակ ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասով զեկուցվել է, որ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և առողջապահական պետական տեսչության մասնագետների հետ համատեղ իրականացվում է ամենօրյա խիստ հսկողություն: Զեկուցվել է նաև, որ շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ մսամթերքի վաճառակետերը: Նախորդ շաբաթ իրականացված հսկողության շնորհիվ վարչական 2 արձանագրություն է կազմվել:
Զեկուցվել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում վարչական շրջանների ջրամատակարարման համակարգում առաջացած խնդիրները լուծելու նպատակով ձեռնարկված աշխատանքների կատարման նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
1195 դիտում
22:18 20-07-2015
Երևանում կուժեղացվի հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ
2779 դիտում
17:16 22-08-2014
Մայրաքաղաքում կուժեղացվի հսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի նկատմամբ
2458 դիտում
18:14 17-11-2016
Մարզերում կուժեղացվի հսկողությունը սննդամթերքի որակի նկատմամբ. ՍԱՊԾ
Այս բաժնից
1363 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
961 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար