4484 դիտում
10:46 30-07-2014
Արման Մկրտումյանի կամքին հակառակ ընտրված ԱԽ անդմաները. Ժողովուրդ
«ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դիրքերն իր ղեկավարած համակարգում կամաց-կամաց սկսում են երերալ: Նա կարծես թե չի տիրապետում իրավիճակին: Համենայնդեպս, արդեն երրորդ անգամ Մկրտումյանը պարտվում է արդարադատության խորհրդի անդամների քվեարկության գործընթացում:
Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով: Նախ բացատրենք, թե ինչ է արդարադատության խորհուրդը, ինչ կարեւորություն ունի այն: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Արդարադատության խորհուրդն ունի 5 հիմնական առաքելություն.
1. Կազմում եւ ՀՀ նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.
2. Եզրակացություն է տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ.
3. Առաջարկում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների եւ դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները.
4. Հանրապետության նախագահի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ.
5. Դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության, առաջարկ է ներկայացնում ՀՀ նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին, դատավորին կալանավորելու, նրան՝ որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին:
Ասել է թե՝ այս խորհուրդը դատավորների «դատարանն» է, որը եւ նշանակում է դատավորներին, վերահսկում նրանց աշխատանքը եւ ենթարկում տույժերի: Բնականաբար, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Մկրտումյանն այսպիսի կարեւոր օղակը փորձում է հագեցնել իր հավատարիմ մարդկանցով:
Նշենք, որ ԱԽ-ն ձեւավորվում է 5 տարի ժամկետով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ ընտրված 9 դատավորների, ՀՀ նախագահի եւ ԱԺ-ի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականների միջոցով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի են ունեցել ԱԽ անդամների ընտրություններ, որոնք ավարտվել են Մկրտումյանի պարտությամբ: Ինչպե՞ս բացատրենք: Պարզվում է՝ Մկրտումյանն ունեցել է իր համար նախընտրելի թեկնածուներ, որոնց համար լոբբինգ է իրականացրել, հանձնարարել է իր ենթակա-հնազանդ դատավորներին, որպեսզի գործընկերներին հորդորեն՝ ընտրել ՎԴ նախագահի թեկնածուին, սակայն անօգուտ: Դատավորների մեծամասնությունը չի կատարել Մկրտումյանի պատվերը:
Եվ այսպես, նոյեմբեր ամսին Մկրտումյանը ցանկանում էր ԱԽ անդամ դարձնել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանին, սակայն նրա կամքին հակառակ ընտրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանը: Այս դատավորը համարվում է պրոֆեսիոնալ, ում հետ հատկապես վիրավորանքի ու զրպարտության հայցերի հարցերով խորհրդակցում են շատ դատավորներ տարբեր ատյաններից: Նա քիչ թե շատ ինքնուրույն կերպար է, ինչը դատական համակարգում անընդունելի տեսակ է:
Երկրորդ անգամ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը պարտվեց այս տարվա փետրվարին: Նա ցանկանում էր ԱԽ անդամ դարձնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանին, սակայն ընտրվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը:
Իսկ ահա երրորդ ընտրությունը տեղի է ունեցել օրերս. հուլիսի 25-ին: Այս անգամ կարծես թե Մկրտումյանի համար «թասիբ»-ի հարց է եղել հաղթանակը, ինչի համար էլ չվստահելով իր «կատարածու» դատավորներին, անձամբ է լծվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանի ընտրության գործին: Հայտնի «7-ի», Նիկոլ Փաշինյանի եւ այլ քաղբանտարկյալների գործով մեղադրական դատավճիռներ դատապարտած Մնացականյանին ԱԽ անդամ դարձնելու համար ՎԴ նախագահը զանգահարել է ամենատարբեր դատավորների (հատկապես մարզերում աշխատող դատավորներին, ովքեր դեռ այնքան էլ տեղեկացված չեն Մկրտումյանի օրեցօր նվազող վարկանիշի մասին) եւ հրահանգել՝ քվեարկել նրա օգտին: Սակայն չի ստացվել: Դատավորների մեծամասնությունն ունենալով առանց այդ էլ վատի ու վատթարագույնի միջեւ ընտրության հնարավորություն (բոլոր թեկնածուներն էլ եղել են Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից. Մեսրոպ Մակյան, Գագիկ Խանդանյան, Մնացական Մարտիրոսյան), ընտրել են Գագիկ Խանդանյանին: Վերջինս ՎԴ նախագահի համար ամենաանցանկալի թեկնածուն է եղել. նույնիսկ կարող էր Մակյանը ընտրվել, միայն ոչ Խանդանյանը:
Ու այսպես, չհաշտվելով պարտության այդ մտքի հետ, Մկրտումյանն իր համախոհ դատավորների միջոցով էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է առաջադրել նույնքան սիրելի Մնացական Մարտիրոսյանին: Եվ որպեսզի այս անգամ ապահովի հաղթանակը, երկրորդ թեկնածուին հնարավորություն չի տրվել առաջադրվելու Երեւանի առաջին ատյանի դատարաններից: Այսպիսով, արդեն առանց մրցակցության Մարտիրոսյանը նույն օրը ընտրվել է հանձնաժողովի անդամ: Այս կառույցն առավել պակաս լիազորություններ ունի՝ դատավորների գլխին մահակ դարձնելու համար: Բայց ինչպես ասում են՝ անհրաժեշտության դեպքում «կաղամբն էլ միրգ է»: ՎԴ նախագահին անհրաժեշտ է համակարգի ներսում ունենալ հավատարիմների ցանց, որպեսզի նրանց միջոցով կարողանա չհնազանդվող դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հեռանկարով վախեցնել եւ իշխել:
Միակ հուսադրող բանն այս իրավիճակում այն է, որ, այնուամենայնիվ, մեր երկրում կան դատավորներ, ովքեր ինքնուրույնության փոքրիկ քայլեր են իրականացնում՝ չենթարկվելով ՎԴ նախագահին»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2289 դիտում
10:19 07-05-2015
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ունեցվածքը. Ժողովուրդ
1664 դիտում
09:48 12-09-2014
Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության շուրջ ինտրիգը կարծես թե մեծանում է. ՀԺ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը