211652_close_icon
views-count2707 դիտում article-date 16:59 09-08-2014

Մենք հակառակորդին հաղթեցինք և՛ սահմանին, և՛ տեղեկատվական հարթությունում. Արծրուն Հովհաննիսյան

Օգոստոսի 9-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի Կենտրոն և Ավան տարածքային կազմակերպությունների անդամները Ծաղկաձորում հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Քննարկվեցին վերջին օրերին սահմանային լարվածության դեպքերը, մամուլի և սոցցանցերի արձագանքն իրադարձություններին և տեղեկատվական, քարոզչական դաշտում ՀՀԿ երիտասարդների դերը։ Այս մասին է տեղեկացնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մամուլի ծառայությունը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ այս հանդիպումը կազմակերպվել է երիտասարդ հանրապետականների պահանջով։ «ՀՀԿ-ն միշտ եղել է բանակի կողքին, և կուսակցության երիտասարդական կառույցը նույնպես բանակի հետ, բանակում, զինվորների կողքին ծրագրեր է իրականացնում։ Այսօր էլ, առավել քան երբևէ կարևոր են այդ միջոցառումները, հատկապես տեղեկատվական դաշտում՝ երիտասարդների մասնակցությունը։ Պատահական չէ, որ ՀՀԿ երիտասարդական կառույցը հետաքրքրված է սահմանին տիրող իրադարձություններով։ Տեղեկատվական դաշտում երիտասարդությունն այսօր գործ ունի անելու, շատ կարևոր է, որպեսզի նրանք լիարժեք պատկերացնեն այն սխեմաները, որոնցով ՊՆ-ն աշխատում է ինֆորմացիոն հարթակում։ Երիտասարդությունն այսօր ամենաշատն է ժամանակ անցկացնում սոցցանցերում, և ցանկալի է, որպեսզի նրանց ներկայությունը համացանցում նպատակային և օգտակար լինի»,- ասաց Կարեն Ավագյանը։ Արծրուն Հովհաննիսյանը կարևորեց նման հանդիպումները՝ շեշտելով, որ եռօրյա, այսպես կոչված, պատերազմը մենք հաղթեցինք նաև տեղեկատվական դաշտում, ինչը նաև նման քննարկումների արդյունք էր։ Պաշտպանության նախարարի խոսնակը ներկայացրեց օպերատիվ իրավիճակը։ Փաստվեց, որ լարվածությունը սահմանին դեռ պահպանվում է, սակայն վերջին 5 օրում հակառակորդը հիմնականում զերծ է մնում սադրանքներից, արկածախնդրությունից, կրակոցները նվազել են. երեկ գիշեր հրադադարի խախտման 200 դեպք է գրանցվել, այս գիշեր՝ 100-ից էլ քիչ։ Խոսելով Ադրբեջանի սպառազինության մասին՝ բանախոսը նշեց, որ ադրբեջանական բանակում այդ սպառազինությունը յուրացված չէ։ Ադրբեջանցիները չունեն համապատասխան գիտելիք և ոգի՝ դրանք կիրառելու համար։ Անդրադառնալով տեղեկատվական դաշտին՝ Արծրուն Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ընդգծելով, որ մենք հաջողություններ ենք գրանցել բոլոր հարթություններում՝ թե՜ պաշտոնական լրատվադաշտի, թե՜ լրագրողների մասնագիտական կարողությունների առումներով։ «Պետք է շնորհակալություն հայտնեմ լրատվամիջոցներին, նույնիսկ նրանց, որոնք ժամանակին քննադատաբար էին մոտենում մեզ, սակայն վերջին շրջանում ըմբռնումով մոտեցան, հասկացան, որ պատերազմական իրավիճակում զգուշությունն ու ճիշտ տեղեկություն մատուցելն ավելի հրատապ է, քան կարճաժամկետ շահերը։ Անքննելի է այն փաստը, որ 5 օրերի ընթացքում մենք հակառակորդին հաղթեցինք և՜ սահմանին, և՜ տեղեկատվական հարթությունում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ աշխատելու որոշակի անհրաժեշտություն կա սոցիալական ցանցերում, որտեղ կան ապատեղեկատվություն տարածող որոշակի խմբեր։ Այստեղ մեծ անելիքներ ունեն երիտասարդները, ովքեր պետք է շատ արագ, օպերատիվ ճշգրիտ փաստերով, մեկնաբանություններով հակազդեն։ Հանդիպման ընթացքում նախարարի խոսնակը պատասխանեց նաև երիտասարդ հանրապետականների հարցերին, որոնք վերաբերում էին Չինարիի բնակիչ, 31-ամյա Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքներին, Սոչիում նախագահների հանդիպումներից սպասվելիք ակնկալիքներին և այլն։ ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության ղեկավար Միքայել Սահակյանը շեշտեց, որ իրենց կառույցը մշտապես արձագանքում է երկրի առջև ծառացած յուրաքանչյուր խնդիրի՝ փոքր, մեծ, տեղական թե մասշտաբային։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԿ Կենտրոն տարածքային կազմակերպության կազմում հիմնականում ընդգրկված են ուսանողներ և նորավարտ մասնագետներ՝ մեր գործունեությունն ավելի շատ ծավալում ենք տեղեկատվական տաշտում՝ քարոզելով հայրենասիրություն, միասնականություն, ինչպես նաև փորձում ենք հակազդել կեղծ ինֆորմացիոն հոսքերին։ Ունենք նաև շատ երիտասարդներ, ովքեր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո քաղաքացիական կյանքում իրենց պայքարը շարունակում են տեղեկատվական ոլորտում»։

Նմանատիպ նյութեր