211652_close_icon
views-count1698 դիտում article-date 12:08 19-08-2014

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը ավարտեց իր երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը ավարտեց իր երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը, որը 2014 թվականի թվով 4-րդ հավաքն էր: Ուսումնամարզական հավաքի ավարտից հետո բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հարցազրույց է անցկացրել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ: -Պարոն Թորոսյան, ի՞նչ նպատակ էր հետապնդում այս հավաքը, և ինչո՞վ էր պայմանավորված, այն հանգամանքը , որ այս անգամ ավելի շատ մարզիկներ էին մասնակցում հավաքին: -Սեպտեմբերին մենք մի քանի միջազգային մրցաշարերի պետք է մասնակցենք, նախ Մախաչկալայում, ապա Լեհաստանում, հետո հնարավոր է հոկտեմբեր ամսին նաև Ֆինլանդիայում: Այս երկշաբաթյա հավաքն այդ մրցաշարերին լավագույնս նախապատրաստվելու համար էր : Այս հավաքի ընթացքում բռնցքամարտիկները հիմնականում սպարինգ մենամարտեր են անցկացրել, ուստի մրցակցությունն ապահովելու համար հավաքական էինք հրավիրել ավելի շատ թվով մարզիկների: -Պարոն Թորոսյան գաղտնիք չէ, որ թե՛ մարզումները, թե՛ այս ուսումնամարզական հավաքները, թե՛ միջազգային մրցաշարերը միտված են առաջիկա օլիմպիական խաղերին: Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստական շրջանը: Մեր մարզիկների պատրաստվածությունից գո՞հ եք: -Մարզումներն ու նախապատրաստական շրջանն ընթանում են իրնց ընթացակարգով: Նախապատրաստական շրջանը մենք բաժանել ենք փուլերի: Այն 4 փուլից է բաղկացած: Առաջինն ավարտեցինք հուլիս ամսին: Այժմ 2-րդ փուլն ենք սկսել, իսկ գոհ լինելը հարաբերական է: Գոհ եմ այնքանով, որ մարզիկներն ամենայն նվիրվածությամբ մարզվում են և ջանք ու եռանդ չեն խնայում իրենց առջև դրված խնդիրները կատարելու համար: Մեր նպատակը այն է, որ օլիմպիական ուղեգրերի համար մղվող վարկանիշային մրցումներին մենք մոտենանք պատրաստի բռնցքամարտիկներով և կարողանանք հնարավորինս շատ ուղեգրեր ձեռք բերել, իսկ հետագայում, որն ավելի կարևոր է օլիմպիական մեդալներ, ինչու ոչ ամենաբարձր հարգի: Ես կարծում եմ դա մեզ կհաջողվի: -Պարոն Թորոսյան, երբ Դուք գլխավորեցիք հավաքականը նշել էիք, որ մենք թեթևագույն քաշային կարգում կաղում ենք, այն քաշային կարգում, որտեղ միշտ ուժեղ ենք եղել: Այս խնդիրը դեռ արդիակա՞ն է: -Այո, դեռևս խնդիրներ կան , բայց եկող տարի այդ խնդիրները կլրացվեն: Երիտասարդների Հայաստանի առաջնության ժամանակ պարզ դարձավ , որ թեթևագույն քաշային կարգում մենք ունենք շնորհալի մարզիկներ, որոնք կկարողանան լրացնել այդ բացը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր