211652_close_icon
views-count1587 դիտում article-date 13:53 27-08-2014

Սևանա լճից ոչ մի խորանարդ մետր ջուր առանց հաշվառման բաց չի թողնվում. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն

Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը գրանցվում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության Գեղամավան դիտակետում: Ինչպես բոլոր ջրաչափական դիտակետերում, այնպես էլ այս դիտակետում դիտարկումներն իրականացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան: Ջրի մակարդակները բերվում են մեկ պայմանական հարթության՝ զրոյական նիշի, որի բարձրության նիշը հաստատուն է մնում դիտակետի ողջ գոյության ընթացքում: Գեղամավան դիտակետում մակարդակի դիտարկումները կատարվում են հասարակ, ինքնագրային և հեռակառավարվող մեթոդներով: Դիտակետում տեղադրված է ջրաչափական չափաձող, որի բարձրության նիշը որոշված է 4-րդ դասի նիվելիրացմամբ և ամերիկյան գերժամանակակից «Stevens» ինքնագիր (դրանք կովկասյան տարածաշրջանում երկուսն են և տեղադրված են Սևանա լճի ավազանում), որը գրանցում է տվյալները միլիմետրային ցանցի վրա, միևնույն ժամանակ 15 րոպե հաճախականությամբ, արբանյակային կապի միջոցով, ծածկագրված տվյալներն ուղարկում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության (այսուհետ՝ ծառայություն) համապատասխան բաժնին: Դիտակետի համար գործում է ջրի մակարդակի (H) և ջրի ելքի (Q) կախվածության կապի աստիճանավորման աղյուսակ՝ յուրաքանչյուր միավորի համար: Դիտակետում ջրի մակարդակի դիտված արժեքով որոշվում է ջրի ելքը՝ «արագություն-մակերես» մեթոդի կիրառմամբ, որն ամենատարածված մեթոդն է հիդրոմետրիայում: Հոսքի լայնակի կտրվածքի մակերեսը որոշվում է խորության չափման արդյունքներով, իսկ ջրանցքի կենդանի կտրվածքի առանձին կետերում արագությունները չափվում են ջրաչափական պտուտանով: Ջրի հոսքի արագության չափման համար օգտագործվում են ГР-21м; ИСП-1м մոդելների ջրաչափական պտուտաններ, որոնք կիրառվում են տարբեր երկրների հիդրոլոգիական ծառայությունների կողմից: Հետևաբար, նշված եղանակով Գեղամավան դիտակետում ջրի ելքը չափելիս կասկածից վեր է տվյալների անճշտությունը: Վերջին 12 տարիներին Գեղամավան դիտակետում Սևանա լճից բաց թողնված ջրի տարեկան ծավալների, միջին օրական մեծությունների և բացթողման սկզբի ժամկետների ու տևողության մասին տեղեկատվությունը տրված է աղյուսակում: [img]/ups/images/0692269001409132938243425.jpg[/img] Սևանա լճի մակարդակի փոփոխությունները 2002թ.-ից սկսած Սևանա լճի ջրային հաշվեկշիռը տարեկան կտրվածքով դրական է, որով պայմանավորված նկատվում է լճի մակարդակի շարունակական բարձրացում (նկ.1) ընդ որում, ջրային հաշվեկշռի տարրերը իրենց մեծությամբ գրեթե կրկնվում են ամեն տարի, բացառություն են կազմում 2008, 2012թ. 2013 և 2014թթ: [img]/ups/images/0415501001409133034903316.jpg[/img] Առանձնահատուկ տարիներ էին հատկապես 2013 և 2014թթ.: Այդ տարիներին, գետային հոսքի հիմնական փուլի՝ գարնանային վարարումների հոսքը ձևավորող հիդրոօդերևութաբանական պայմանները անբարենպաստ են եղել: Այսպես. • աշնանային ժամանակաշրջանում դիտված տեղումները նորմայից բավական ցածր են եղել պայմանավորելով հողի խոնավության ցածր արժեքներ, • մարտ ամսվա ընթացքում դիտված բարձր ջերմային ֆոնը պայմանավորել է կուտակված ձյան պաշարների աստիճանական հալք, հագեցնելով հողի խոնավության պակասորդը, • ապրիլ-մայիս ամիսներին դիտված տեղումների գերակշիռ մասը (90%) եղել են ոչ ցիկլոնային բնույթի (ներզանգվածային) ընդգրկելով լոկալ շրջաններ, որոնք հոսքի վրա էական ազդեցություն չեն թողնում: Վերը նշված պայմանները համալիր կերպով բացասական ազդեցություն են թողել հոսքագոյացման պրոցեսի և լճի մակարդակի բարձրացման վրա: Նկարում բերված են ջրային հաշվեկշռի հիմնական տարրերի մոդուլային գործակիցների (տվյալ տարվա արժեքի հարաբերությունը նորմային) դինամիկան, ինչպես նաև լճի մակարդակի ներտարեկան փոփոխությունները 2002-2014թթ.: [img]/ups/images/0212988001409133066630340.jpg[/img] Ինչպես երևում է նկարից, այն տարիներին երբ գետային հոսքի և մթնոլորտային տեղումների արժեքները նորմայից բարձր են (≥1), իսկ գոլորշիացման արժեքները ցածր, նկատվում է լճի մակարդակի բարձրացում, ընդ որում, ամենից մեծ բարձրացում դիտվել է 2007թ.-ին՝ 54 սմ, իսկ 2012թ.-ին գրանցվել է բացասական հաշվեկշիռ՝ -3սմ: 2014թ. նույնպես կանխատեսվում է բացասական հաշվեկշիռ 9-12 սմ-ի սահմաններում: Այսպիսով, Սևանա լճի մակարդակի փոփոխության և լճից բացթողնման հետ կապված վերլուծություններ կատարելիս անհրաժեշտ է, չմոռանալ և կարևորել լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորող գլխավոր գործոնը՝ բնական հիդրոօդերևութաբանական պայմանները: Հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել այն անհիմն մտքի վրա, թե լճից կատարվող ջրառի տվյալները ինչ-որ տեղ «սրբագրվում են» և իրական չափերից փոքր ներկայացվում: Հստակեցնեմ. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը, հանդիսանալով ՀՀ տարածքում մակերևութային ջրային օբյեկտների վրա քանակական մոնիտորինգ իրականացնող պատասխանատու կառույց, դրանում շահագրգռվածություն բոլորովին չունի և հակառակը, Սևանա լճի խնդրով մտահոգ մյուս կառույցներից և ՀԿ-ներից պակաս շահագրգիռ չէ Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա էկոլոգիական հավասարակշիռ վիճակի պահպանման հարցերում: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրեն

Նմանատիպ նյութեր