211652_close_icon
views-count1094 դիտում article-date 18:52 01-09-2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ ու առաջին դասարանցի փոքրիկներ. Սեպտեմբերյան այս հիասքանչ տոնին լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ։ Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսևորումներից են, և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և գիտելիքի օր, տոնական, ոգևորիչ ու լիահույս է լինում: Այն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս, որոնց հղում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքը: Գիտելիքն անգնահատելի արժեք է։ Միայն սովորելով, գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով հնարավոր կլինի իրականացնել պատանեկան երազանքներից հառնող բարձր նպատակները։ Այս ամենն առավել ևս կարևորվում է ներկայումս, երբ բանիմաց անհատը դառնում է հասարակության շարժիչ ուժը։ Հարգարժա՛ն ուսուցիչներ, կրթված քաղաքացին մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման, մեր երկրի զարգացման ու հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոնն է, որի երաշխավորը հանդիսանում եք Դուք: Ես լիահույս եմ, որ ուսումնառության տարիները Հայաստանի քաղաքացիների նոր սերնդի համար կդառնան իրենց օժտվածության ու տաղանդի զարգացման, գիտելիքների ու ունակությունների ձեռքբերման պատասխանատու ու կարևոր շրջան, և արդյունքում մեր երկիրը կունենա ավելի հայրենասեր ու կիրթ քաղաքացիներ: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ, ցանկանում նորանոր հաջողություններ։ Երևանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Նմանատիպ նյութեր