1281 դիտում
11:50 08-09-2014
Հաշմանդամություն ունեցող կինն էլ ունի մայրանալու իրավուն. Զարուհի Բաթոյան
«Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի շրջանակներում «Դիսըբիլիթի ինֆո» (Disability info) տեղեկատվական ՀԿ-ն Ամավիրի մարզի հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար կազմակերպեց սեմինար-քննարկում` վերարտադրողական, սեռական առողջության, իրավունքի թեմաներով:
Ըստ պաշտոնական տվյալների` 2014-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 193836 անձ: Նրանցից 14,1% կազմում են 18-40 տարեկան անձինք:
«Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի ղեկավար Զարուհի Բաթոյանը մտահոգություն հայտնեց, որ քաղաքաշինական խոչընդոտների, տեղեկատվության պակասի և համապատասխան ծրագրերի բացակայության պատճառով նրանցից շատերը դուրս են մնում երկրում իրականացվող գործընթացներից: Այնուհետև մանրամասնեց. «Հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ունեն նույն խնդիրները, ինչ մյուս երիտասարդները: Սակայն բացի տեխնիկական խոչընդոտներից, այս պարագայում կա նաև հասարակության վերաբերմունքի խնդիրը: Օրինակ` հաշմանադամություն ունեցող կնոջն այնպես չեն վերաբերվում, ինչպես մյուսներին, նրանից նույն սպասելիքները չունեն, ասենք, որ նա էլ կարող է երեխա ունենալ և նրա խնամքը տանել: Բազում խոչընդոտներ կան, որ հոգեբանորեն ճնշում են թե՛ կնոջը, թե՛ նրա ընտանիքին»: Զարուհի Բաթոյանի փոխանցմամբ` Արմավիրի մարզում նման դասընթացների անցկացումը կարևոր է հատկապես այն պատճառով, որ այստեղ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող նորաստեղծ «Արևի շող» կազմակերպությունն է գործում, որի աշխատանքներին խթանել է պետք:
Զարուհի Բաթոյանը հավելեց. «Երևանում երիտասարդները քիչ թե շատ ներգրավված են նման ծրագրերում, բայց մարզերի հաշմանդամություն ունեցող անձինք դուրս են մնում նման ծրագրերից»: «Արևի շող» ՀԿ-ի շահերի պաշտպան Արտյոմ Սահակյանը նշեց, որ իրենց մարզում հաշմանդամություն ունեցող անձինք ունեն տեղաշարժման, տեղեկատվության, դեղորայքի հասանելիության, հասարակություն ինտեգրվելու խնդիր:
Այնուհետև նշեց. «Մեր մարզում ընդհանրապես մայթերը բացակայում են, և հաշմանդամություն ունեցող անձի համար չափազանց դժվար է քաղաքում տեղաշարժվելը, չկան թեքահարթակներ»: Արտյոմ Սահակյանը կարևորեց նման ծրագրերի անցկացումը և շեշտեց, թե հույս ունի, որ դասընթացից հետո երիտասարդների մտածելակերպում շատ բան է փոխվելու. «Հատկապես կանանց և աղջիկների մոտ կան հոգեբանական խնդիրներ. նրանք, ովքեր ունեն հաշմանդամություն, նույնիսկ չեն էլ ցանկանում մտածել մայրանալու մասին, ինչի պատճառը տեղեկատվության պակասն է, խանգարում են կարծրատիպերը»:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում տեղեկատվական նյութեր են հրապարակվել Disabilityinfo.am և ikin.am կայքերում` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց ընտանիքի անդամներին: Մինչև հոկտեմբեր պատրաստ կլինի «Առողջ լինելու իմ իրավունքը» գրքի աուդիոտարբերակը` տեսողության խնդիր ունեցող անձանց համար: Ծրագրի ընթացքում կազմակերպվել է նաև սեմինար-քննարկում լրագրողների համար` ինչպես գրագետ լուսաբանել հաշմանդամություն ունեցող երիտասարդների վերարտադրողական առողջության խնդիրները:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»