211652_close_icon
views-count38026 դիտում article-date 12:05 11-09-2014

Խոշոր ավտովթար՝ Երևանում. ոստիկանության օպերլիազորը Нива-ով բախվել է ՃՈ Toyota-ին. կա 4 վիրավոր, այդ թվում՝ ՃՈ տեսուչներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի կամրջի վրա, տեղի է ունեցել ավտովթար: Միևնույն ժամանակ վթարի մասին ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 01:20-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 34 MR 372 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 30-ամյա Կարապետ Հաջյանը նշված ավտոմեքենայով բախվել է Toyօta Corolla մակնիշի 734 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային, որն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել այդ պահին ծառայություն կատարող ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ, 34-ամյա Կարեն Կարապետյանին և 48-ամյա Համլետ Գյորգյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այնուհետ ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված 27-ամյա Գեղամ Խուդոյանին պատկանող Վազ 21099 մակնիշի 10 ՏԼ 655 համարանիշի ավտոմեքենային: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ փրկարարների՝ կանչ-վայր հասնելը վթարի հետևանքով Կ. Հաջյանը, Հ. Գյորգյանը, Կ. Կարապետյանը ու Գ. Աբրահամյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տեղում փրկարարները դադարեցրել են «Нива»-ի և «09»-ի գազի արտահոսքը: Վթարի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը, ժամանել են նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ «Нива»-ի վարորդ Կ. Հաջյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, ով, ըստ հավաքվածների, եղել է ոչ սթափ վիճակում: Նրա սթափության աստիճանը պարզելու համար քննիչի կողմից նշանակվել է բժշկական փորձաքննություն: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ ՃՈ աշխատակիցները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր