1284 դիտում
15:41 12-09-2014
Հայոց բանակն իր զինծառայողներով գերազանց հանձնում է քննությունը. Սեյրան Օհանյան
Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ)։
Նախարարն ուսանողների ու դասախոսների հետ ծաղիկներ դրեց ՀՊՏՀ բակում տեղադրված «Զոհերի հիշատակին» նվիրված հուշաքարի մոտ, մասնակցեց ուսանող-ազատամարտիկների անվան լսարանի բացման արարողությանը, որին, բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, ներկա էին նաև զոհված ուսանող-ազատամարտիկների ընտանիքների անդամները, հարազատներն ու մարտական ընկերները: Ուսանող-ազատամարտիկների լսարանը նվիրված է ՀՊՏՀ այն 13 քաջորդիներին, ովքեր Արցախյան պատերազմի տարիներին կիսատ թողեցին ուսումը և մեկնեցին ռազմաճակատ, որտեղից, ցավոք, չվերադարձան:
Կայացավ «1-ը դարձնենք 100» խորագիրը կրող ծրագրի շնորհանդեսը, որը նվիրված է հայալեզու Վիքիպեդիան Արցախյան պատերազմի մասին պատմող նյութերով հարստացնելուն: Արձագանքելով «1 հայ` 1 հոդված» կոչին՝ ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ համալրել են հայալեզու Վիքիպեդիան Արցախյան պատերազմի մասին պատմող 100-ից ավելի հոդվածներով: Սա պիլոտային ծրագիր է, և նախատեսվում է հետագայում շարունակել հոդվածների ավելացումը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունեց տնտեսագիտական համալսարանի ուսանողների կողմից անցկացվող ռազմահայրենասիրական միջոցառումները։ Նախարարն ընդգծեց, որ հպարտությամբ է ներկայացնում մի կառույց, որն անցել է հաղթական փառավոր ուղի. «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել ՀՀ զինված ուժերը, մի կառույց, որն այսօր ապահովում է հայ ժողովրդի խաղաղ արարումը, ունեցել է փառավոր ճանապարհ, որը կարողացել է հիմք դառնալ, որպեսզի այսօր բանակն արագ տեմպերով իր զարգացումն ապահովի, մրցունակ լինի ոչ միայն տարածաշրջանում, այլև համեմատվի գերտերությունների հզոր բանակերների հետ»։
Նախարարն ընդգծեց, որ Արցախյան գոյապայքարում մեր հաջողությունները շարունակական են այսօրվա ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրողության մեջ։ «Եթե Արցախյան գոյապայքարի ժամանակ բանակը ժողովրդի հետ կարողացել է գերազանց հանձնել իրեն տրված քննությունը, այսօր էլ բանակն իր զինծառայողներով, հատկապես ժամկետային, գերազանց հանձնում է այն, ու մեզ պարտադրված ոտնձգություններին կարողանում ենք արժանի հակահարված տալ՝ ապահովելով մեր սահմանների անառիկությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նախարարը նշեց, որ մենք հակամարտության լուծման մեր տարբերակն ունենք, որը բացառապես խաղաղ կարգավորումն է։ Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքն անառարկելի իրողություն է և այլընտրանք չունի։
Խոսելով օգոստոսյան վերջին դեպքերի մասին՝ Սեյրան Օհանյանը նշեց. «Մեր զինծառայողների հերոսության ու անձնազոհության շնորհիվ մենք կարողացանք ոչ միայն հետ շպրտել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը, այլև նրանց տարածքներում միջդիրքային շրջաններում կարողացանք կանխարգելիչ-հակազդիչ միջոցառումներ իրականացնել: Դա հայ հրամանատարի և զինվորի խելացի գործողությունների շնորհիվ է։ Դա օգնեց, որ ՀՀ նախագահը եռակողմ հանդիպման ժամանակ ավելի հաստատուն, ավելի խրոխտ, անհրաժեշտության դեպքում ձեռքը սեղանին խփելով արտահայտի իր տեսակետն Արցախի հարցի վերաբերյալ»:
Պաշտպանության նախարարը նկատում է՝ բանակի հզորությունը քանակական առավելության ու սպառազինության մեջ չէ: «1992-94թթ. էլ Ադրբեջանը և′ քանակապես էր մեզանից շատ, և′ ավելի շատ զենք ուներ: Հիմա էլ է նույն իրավիճակը: Բայց առանց 3-րդ ուժի միջնորդության (երկրագնդի վրա չկա հակամարտության որևէ գոտի, որտեղ չլինի 3-րդ ուժ) մեր զինված ուժերն արժանի հակահարված են տալիս` մեր զինվորի մարտական ոգու, նվիրումի շնորհիվ»,- նշեց Սեյրան Օհանյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ սահմանում իրավիճակը հանդարտ է. կրակոցներ կան, բայց քիչ են: ՀՀ սահմաններում այն հասել է գրեթե նվազագույնի, ԼՂՀ սահմաններում կրակոցների թիվը մեկ օրվա ընթացքում 30-40-ի է հասնում։
Նշենք, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպմամբ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տրվեց բուհի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Միջոցառումներն իրականացվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1341 դիտում
14:28 17-07-2014
Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ բանակն իր խնդիրները կատարում է. Սեյրան Օհանյան
4709 դիտում
22:21 14-01-2016
Բանակն իր խնդիրը կատարում է մարտական պատրաստության ուղղությամբ.Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
7555 դիտում
21:52 27-01-2019
Սեյրան Օհանյան. Վստահ եմ, այսօր մեր բանակն ամուր կանգնած է իր դիրքերում
Այս բաժնից
691 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»