211652_close_icon
views-count1031 դիտում article-date 17:44 16-09-2014

Դպրոցների դասագրքերի պահպանման և օգտագործման նկատմամբ հատուկ հսկողություն կսահմանվի

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով վերանորոգվող 57 կրթական, մշակութային և առողջապահական հաստատություններից 50-ում աշխատանքներն ավարտված են: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են շախմատի նոր դպրոցների շինարարական աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել անհրաժեշտ գույքի ձեռքբերման ուղղությամբ, ինչպես նաև կազմել նախագիծ-նախահաշիվ 2015 թվականին վարչական մյուս շրջաններում ևս շախմատի դպրոցներ հիմնելու նպատակով: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետի համապատասխան հանձնարարականի շրջանակում ուսումնական տարվա մեկնարկից դպրոցներում հատուկ հսկողություն է իրականացվում դրամահավաքության, ինչպես նաև դպրոցներում տետրերի, օրագրերի և ուսումնաօժանդակ այլ իրերի վաճառքի հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ: Հսկողության արդյունքում որևէ դեպք չի հայտնաբերվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել: Անդրադառնալով հանրակրթական որոշ դպրոցների կնիքով դասագրքերի վաճառքում հայտնվելու վերաբերյալ օրեր առաջ լրատվամիջոցներով հնչած ահազանգին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել դասագրքերի օգտագործման և պահպանման նկտամամբ, նաև օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել արձանագրված դեպքը բացահայտելու ուղղությամբ: «Նախորդ շաբաթ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին հանրակրթական դպրոցների կնիքով դասագրքերի վաճառքի մասին, ինչը մտահոգիչ է ու պահանջում է հրատապ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Որևէ մեկն իրավունք չունի վաճառել դասագրքերի շրջանառու հիմնադրամի կողմից վարձակալական հիմունքներով դպրոցներին տրամադրված դասագրքերը: Ըստ այդմ, ուսումնասիրեք խնդիրն ու ձեռնարկեք անհրաժեշտ բոլոր քայլերը մեկ օր շուտ դեպքը բացահայտելու ուղղությամբ, ինչը, համոզված եմ, կկանխի գրքերի վաճառքի հետագա փորձերը: Ուսումնասիրություններից և ստուգայցերից հետո, անհրաժեշտության դեպքում, նյութերն ուղարկեք ոստիկանություն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր