ԵՏՄ-ին անդամակցության ամսաթիվը կրկին կասկածի տակ է․ ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչները Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներին դիվանագիտական խողովակներով տեղյակ են պահել, թե հնարավոր է իրենք մինչև հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք հանդիպումը չհասցնեն վերջնական եզրակացության հանգել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու փաթեթի վերաբերյալ:
Ըստ մեր տեղեկությունների՝ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչներն ասել են, որ դրա համար իրենց հարկավոր կլինի ևս հինգ օր, այսինքն՝ իրենց վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի հոկտեմբերի 15-ին:
Ղազախստանի նման դիրքորոշումը նշանակում է, որ նրանք մտադիր են հոկտեմբերի 10-ին ևս տապալել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս հարցով Հայաստանի դիվանագետները խորհրդակցություններ են սկսել ՌԴ ԱԳՆ և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Վերջիններս տեղեկացրել են, որ իրենք զայրացած են Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի պահվածքից և ՌԴ ղեկավարությունը վճռական է տրամադրված՝ հոկտեմբերի 10-ին Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ապահովելու համար»։
Այսուհանդերձ, ոչ մի վստահություն չկա, որ հոկտեմբերի 10-ը չի արժանանա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նախորդ ամսաթվերի ճակատագրին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: