211652_close_icon
views-count1517 դիտում article-date 20:07 23-09-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայոց ձորում մասնակցել է մարզխորհրդի նիստին և դիտարկել է խաղողի այգիները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Նախարարը մարզպետ Էդգար Ղազարյանի հրավերով մասնակցել է մարզխորհրդի նիստին, որում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, վերջին երեք տարիների ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը զեկուցել է մարզում գյուղատնտեսության ներկա վիճակի և իրականացվող աշխատանքների մասին: «Մարզում մշակվում է հողերի ընդամենը 28.9% -ը և ներկայումս վարելահողերի օգտագործման մակարդակով մարզը զբաղեցնում է 10-րդ տեղը: Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը հանրապետությունում վերջին տարիներին էականորեն բարձրացել է` 63%-ից հասնելով մինչև 74%: Անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել Վայոց ձորի մարզում նույնպես այս ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ», - իր ելույթում նշել է Սերգո Կարապետյանը: Տեղեկացնելով, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ պետական աջակցության ծրագրի շրջանակներում գյուղացիներին մատչելի պայմաններով տրամադրվում են սերմացուներ, պարարտանյութեր, դիզելային վառելանյութ, ինչպես նաև գյուղատնտեսական վարկեր, նախարարը հավաստիացրել է, որ այս ծրագիրը հաջորդ տարի նույնպես կշարունակվի: Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրել են նաև իրենց մտահոգող խնդիրները, որոնց մեծ մասը վերաբերում էր գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածությանն ու փոքր վերամշակող ընկերությունների ստեղծմանը: «Հանրապետությունում այժմ ընթացքի մեջ է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագիրը, որի իրականացման շնորհիվ ծրագրում ընդգրկված մարզերում լուրջ հաջողություններ են գրանցվել: Հաջորդ տարի հանրապետությունում կմեկնարկի CARMAC երկրորդ ծրագիրը, որի մեջ նախատեսվում է ընդգրկել նաև Վայոց ձորի մարզը», - նշել է Սերգո Կարապետյանը, հավելելով, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա լուծում տալ որոշ խնդիրներին: Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագրի նպատակն է արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության բարելավումն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաև ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանման ավելացումը: Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում համայնքներում կիրականացվեն նաև արոտների ջրարբիացման աշխատանքներ, կստեղծվեն փոքր վերամշակող ընկերություններ: Վայոց ձորում վարելահողերի օգտագործման մակարդակը բարձրացնելու նպատակով նիստին որոշում է կայացվել միջոցներ ձեռնարկել մարզում վարելահողերի տարածքները 1000 հեկտարով ավելացնելու ուղղությամբ: Այնուհետև նախարարն ուղևորվել է դեպի Արենի համայնք, որի գյուղատնտեսության գերակա ուղղություններն են խաղողագործությունն ու գինեգործությունը: Սերգո Կարապետյանը շրջել է համայնքի խաղողի այգիներում, որոնց ընդհանուր ցանքատարածությունները կազմում են 113 հեկտար: Այստեղ նախարարը զրուցել է խաղողագործների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Նախարարն այցելել է նաև 1994 թվականին հիմնադրված «Արենի գինու գործարան» ՓԲԸ: Ընկերության տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը նախարարին տեղեկացրել է, որ 2013 թվականին այստեղ մթերվել է 155 տոննա խաղող, իսկ այս տարի նախատեսվում է մթերել 200 տոննա խաղող: Ընկերությունը տարեկան արտադրում է 200 - 250 հազար շիշ գինի, որից 75 հազար շիշն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Այս պահին գործարանում ընթանում են վերազինման աշխատանքներ, որոնք ուղղված են արտադրվող գինու որակի բարձրացմանն ու ծավալների ավելացմանը: Նախարարի այցի վերջին կանգառը «Հին Արենի» ՓԲԸ-ում էր: Նախարարը շրջել է ընկերությունում, հետևել վերազինման աշխատանքներին, որոնց արդյունքում, արտադրության ծավալները կկազմեն տարեկան 500 հազար շիշ: Ընկերության ղեկավարը նախարարին տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կսկսեն խաղողի մթերումները և այս տարի նախատեսվել է մթերել 150 տոննա խաղող: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր