211652_close_icon
views-count1348 դիտում article-date 20:34 30-09-2014

Սիդնեյի Համազգայինի Արշակ և Սոֆի Գալստյան ճեմարանի սաներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն

Այսօր՝ սեպտեմների 30-ին, Սիդնեյի Համազգայինի Արշակ և Սոֆի Գալստյան ճեմարանի սաներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն: 1986թ. հիմնադրված կրթօջախն ընդգրկում է մանկապարտեզի, նախակրթարանի, միջին և ավագ դպրոցների բաժինները, որտեղ հայ մանուկներին դասավանդվում է հայոց լեզու, պատմություն և կրոն: Որպես մայրենի լեզու՝ հայերենը դասավանդվում է ճեմարանի բոլոր բաժիններում: Դասավանդումն իրականացվում է երկու փուլով՝ արևմտահայերեն և արևելահայերեն: Ճեմարանում գործում է «Հայերենը՝ որպես երկրորդ լեզու» ծրագիրը՝ նախատեսված հայերենի սահմանափակ իմացությամբ երեխաների համար: Սիդնեյի հայկական ճեմարանի սաները նախ դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության մասին պատմող տեսանյութ, որից հետո նրանց հետ հանդիպեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ով նույնպես բարձր գնահատեց դպրոցի 28-ամյա գործունեությունը՝ նշելով. «Սփյուռքում նման բարձրակարգ դպրոց պահելն առնվազն հերոսություն է»: Սիդնեյի Համազգայինի Արշակ և Սոֆի Գալստյան ճեմարանի սաներին ընդունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ճեմարանի սաները և նրանց ուղեկցող մանկավարժները ներկայացրին և նախարար Հրանուշ Հակոբյանին նվիրեցին կրթօջախի 50-ամյա գործունեության մասին պատմող պատկերագիրք: ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց հեռավոր մայրցամաքում դպրոցի ծավալած հայապահպան աննախադեպ գործունեությունը: Նա նշեց, որ հոկտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը նշում է իր գործունեության 6-ամյակը և սիրով հրավիրեց ճեմարանի ուսուցիչներին՝ մասնակցելու 6-ամյակի հանդիսությանը: ՀՀ սփյուռքի նախարարը աշակերտաուսուցչական կազմին նվիրեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակը խորհրդանշող անմոռուկ կրծքանշաններ և ընդգծեց. «Ձեզանից ամեն մեկը պետք է ձգտի լինել լավ մարդ, լավ հայ և ստանա լիարժեք կրթությյուն: Որովհետև համաշխարհայնացման այս ժամանակաշրջանում առավել քան անհրաժեշտ է լինել մրցունակ մասնագետներ»:

Նմանատիպ նյութեր