211652_close_icon
views-count1157 դիտում article-date 11:42 01-10-2014

Մեծ հաճույք եմ ստանում Երիտասարդական նվագախմբի հետ աշխատելով. Զախար Բրոն

Սեպտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում երաժշտական աննախադեպ տոն էր։ Մի երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ նույն բեմում հանդես եկան 3 հրաշալի մենակատարներ՝ աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոն, մեծանուն դաշնակահար Վահագն Պապյան և 15 տարեկանում արդեն մեծ բեմեր նվաճած ջութակահարուհի Մոնե Հաթորի։ Համերգը կայացավ Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Համերգի առաջին հատվածում հնչեց Էդվարդ Գրիգի Դաշնամուրի կոնցերտը (մենակատար՝ Վահագն Պապյան՝ դաշնամուր/Իսրայել), երկրորդ մասում՝ Յոհան Սեբաստիան Բախի Կրկնակի կոնցերտը երկու ջութակի, լարային նվագախմբի և բասսո կոնտինուոյի համար (մենակատարներ՝ Զախար Բրոն՝ ջութակ/Գերմանիա, Մոնե Հաթորի՝ ջութակ/Ճապոնիա), Հենրիկ Վենյավսկու Ջութակի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Մոնե Հաթորի՝ ջութակ/Ճապոնիա)։ Վահագն Պապյանը նշեց, որ առաջին անգամ է հանդես գալիս խաչատրյանական փառատոնի շրջանակներում։ Նա համոզմունք հայտնեց, որ փառատոնը կլինի շարունակական։ «Ունեմ շատ ջերմ համագործակցություն Երիտասարդական նվագախմբի և նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ։ Նրանք նոր սերնդի երաժիշներ են, որոնք ժառանգելու են հայկական կատարողական արվեստի ավանդույթներն ու այն փոխանցեն ապագա սերունդներին»,- նշեց Վահագն Պապյանը։ Դաշնակահարը տեղեկացրեց, որ համերգի ծրագիրն ընտրել է Սերգեյ Սմբատյանի հետ համատեղ. «Գրիգի Դաշնամուրի կոնցերտն ամենապոպուլյար, ճանաչված ու սիրված ստեղծագործություններից է, որն այսօր կնվիրենք հայ հանդիսատեսին»։ Զախար Բրոնը, խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության մասին, ընդգծեց հայ երաժիշտների մեծ էնտուզիազմն ու վարպետությունը. «Մեծ հաճույք եմ ստանում՝ նրանց հետ աշխատելով։ Դրանով ես նաև հարստանում եմ»։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ այս համերգն իր համար խիստ կարևոր է, քանի որ նույն բեմում հանդես է գալիս Զախար Բրոնի հետ, ում մոտ տարիներ առաջ ջութակի դասեր է առել։ Նշենք, որ համերգը նվիրված էր ջութակահար Ավետ Գաբրիելյանի 115-ամյակին։ Ամբողջ երեկոն նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ առցանց հեռարձակվեց ww.akhif.am և www.syoa.tv կայքերով։

Նմանատիպ նյութեր