211652_close_icon
views-count1511 դիտում article-date 13:36 10-02-2016

Երիտասարդական նվագախմբի երաժիշտները վարպետության դասեր են անցել Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կվինտետում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները պարբերաբար գործուղվում են աշխարհում մեծ համբավ ունեցող նվագախմբեր՝ առաջնակարգ այդ կոլեկտիվներում վերապատրաստվելու համար։ Մասնավորապես, Երիտասարդական նվագախմբի հինգ երաժիշտներ՝ ֆլեյտահար Գևորգ Ավետիսյանը, հոբոյահար Տիգրան Վարդանյանը, կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը, ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը, գալարափողահար Արմեն Կարագյանը, հունվարի 27-29-ը մեկնել էին Գերմանիա՝ վարպետության դասեր անցնելու Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կվինտետում։ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կվինտետը հիմնադրվել է 1988թ.՝ Հերբերտ ֆոն Կարայանի կողմից Բեռլինի ֆիլհարմոնիկը ղեկավարելու տարիներին։ Այն աշխարհահռչակ նվագախմբերի կազմում ստեղծված առաջին փողային կվինտետն է, որն ունի կամերային երաժշտության հարուստ ավանդույթներ։ Փողային կվինտետի անդամները Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ են, ովքեր, համերգային գործունեությունից բացի, հանդես են գալիս նաև կրթական ծրագրերով՝ փոխանցելով իրենց փորձը երիտասարդներին։ Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը շատ արդյունավետ գնահատեց Բեռլինի ֆիլհարմոնիկի փողային կվինտետի երաժիշտների դասընթացները։ Անհատական մասնագիտական պարապմունքներից բացի, օրը երկու ժամ պարապմունքներ էին անցկացվում նաև փայտափողային կվինտետի հետ։ Նիկոլայ Պողոսյանը նշում է, որ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբն աշխարհում մրցակցությունից դուրս է, ու նման կոլեկտիվի երաժիշտների հետ համագործակցությունը ցանկացած երաժշտի համար մեծ ձեռքբերում է։ Նիկոլայ Պողոսյանը նկատում է, որ Բեռլինի ֆիլհարմոնիկի երաժիշտները նույնպես ուրախ էին համագործակցության համար և հատկապես շեշտում էին հայ երաժիշտների կատարողական բարձր վարպետությունը։ Բեռլինի ֆիլհարմոնիկի երաժիշտները հույս են հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի, և որպես շարունակականության արդյունք՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում համատեղ համերգ կազմակերպել Բեռլինի ֆիլհարմոնիկի փողային կվինտետի և Երիտասարդական նվագախմբի փողային անսամբլի մասնակցությամբ։

Նմանատիպ նյութեր