211652_close_icon
views-count1789 դիտում article-date 18:21 02-10-2014

ՄԻՊ-ը գերության մեջ մահացած Կարենի դին վերադարձնելու հարցով կհանդիպի ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի հետ

Ադրբեջանում գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու հարցի շուրջ երկուշաբթի ՀՀ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կհանդիպի ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում տեղեկացրեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ նրանց մոտ գործընթացներն այնքան արագ չեն, որքան մենք ենք ցանկանում: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի ս.թ. նոյեմբերի 3-7-ը կայանալիք լիագումար նիստում եւս այդ հարցը պետք է քննարկման դրվի: Հիշեցնենք, որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանին մինչեւ սեպտեմբերի 26-ը ժամանակ է տվել Ադրբեջանում գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու մասին պատասխան տալու համար: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, սակայն նրանք չէին պատսխանել: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու նպատակով նրա ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է ՄԻԵԴ: Չինարիի գյուղապետը կարծիք էր հայտնել, որ Կարեն Պետրոսյանի դին ամենայն հավանականությամբ չեն վերադարձնում, որպեսզի ադրբեջանցիների դաժանությունները ջրի երես դուրս չգան: Ավելի վաղ էլ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետն ասել էր, որ Կարենն ամուսնացած չէր եւ զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքերով: Մեկ տարի առաջ ամուսնանալու նպատակով վերադարձել էր Ռուսաստանից: Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին ադրբեջանցիների կողմից գերի է վերցվել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Չինարիի բնակիչները: Նրանց փոխանցմամբ, համագյուղացին սեր ուներ ալկոհոլային խմիչքի նկատմամբ եւ հավանաբար այդ պահին ոչ սթափ վիճակում է եղել: Իսկ մինչեւ այդ էլ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թովուզի շրջանում հայի են բռնել: Նրանց փոխանցմամբ, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Փավրիզ Փաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի Արտուշա Դալենի Պետրոսյանին և հանձնել համապատասխան մարմիններին: 32-ամյա Կարեն Պետրոսյանի մորը չեն կարողանում հայտնել, որ տղան գերի է ընկել եւ մահացել:

Նմանատիպ նյութեր