1552 դիտում
13:10 09-10-2014
Շրջանառության հարկ վճարողների համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է երկարացնել օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը: ՓՄՁ շահերը ներկայացնող ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք պայմանավորված են ապրանքի գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:
Մասնավորապես, առևտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են հաշվառել իրենց ապրանքի մնացորդը և տեղեկություն ներկայացնել հարկային մարմին, ուստի օրինագծով առաջարկվում է սահմանել ավելի երկար ժամկետ: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների հարկային բեռի նվազեցմանը և զուգահեռաբար՝ տնտեսությունում կատարվող գործարքների փաստաթղթավորման խնդրի լուծմանը:
Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ կառավարության 2014թ. օգոստոսի 7-ի որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրով Երևանի Ադոնցի փողոցի N 6/1 հասցեում կառուցվող շենքային համալիրի բնակարանների վաճառքի կարգը՝ էսքիզային նախագծով նախատեսված բնակարանների դիրքերից ելնելով:
Ծրագրի ֆինանսավորման վարկատու կազմակերպությունը՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն, առաջարկել է կանխավճարի ավելի նվազ չափ՝ 20 տոկոսի փոխարեն 7,5 տոկոս, ինչպես նաև տոկոսի ավելի նվազ չափ՝ 10,5 տոկոսի փոխարեն 10 տոկոս: Այս փոփոխություններն արտացոլվել են կառավարության այսօրվա որոշման մեջ: Արձանագրելով, որ պայմաններն ավելի մատչելի են դարձել, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կարևորել է որոշակի խմբերի քաղաքացիներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրերի ընդլայնումն ու շահառուների թվի ավելացումը:
Նմանատիպ նյութեր
1580 դիտում
22:03 05-05-2016
Նպաստավոր պայմաններ կստեղծվեն` Վաղարշապատի բժշկական հաստատությունների գործունեության համար
1795 դիտում
20:25 03-10-2019
Բարենպաստ պայմաններ կստեղծվեն ԵԱՏՄ տարածքում հայկական ոսկերչական արտադրանքի շրջանառության համար
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»