211652_close_icon
views-count995 դիտում article-date 12:36 15-10-2014

Մայր Աթոռը հրատարակել է Վահրամ Րաբունու «Խոստովանութիւն հաւատոյ» աշխատությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հայ Եկեղեցու 13-րդ դարի նշանավոր եկեղեցական Վահրամ Րաբունու «Հավատքի դավանություն» աշխատությունը: Կիլիկյան Լևոն Գ թագավորի ատենադպիր, աստվածաբան, իմաստասեր, պետական գործիչ Վահրամ Րաբունու մատենագրական ժառանգությունը մինչև այժմ համակողմանիորեն ուսումնասիրված, արժևորված և անգամ աշխարհաբարի վերածված չէ: Սույն գրքում առաջաբանով և ծանոթագրություններով հանդերձ ներկայացված է Վահրամ Րաբունու «Խոստովանութիւն հաւատոյ» աստվածաբանական երկի աշխարհաբար թարգմանությունը` կատարված Տ. Վահրամ քահանա Մելիքյանի կողմից: Իր ճառում Վահրամ Րաբունին շարադրում է Հայ Եկեղեցու վարդապետությունը Սբ. Երրորդության և Հիսուս Քրիստոսի փրկական տնօրինության մասին: Ճառագիր վարդապետը փորձում է մարդկային մտքին ընկալելի լեզվով մեկնել Սբ. Երրորդության անճառելի և անհաս խորհուրդը` ասվածը հիմնավորելով սուրբգրային մեջբերումներով և զանազան օրինակներով: Նա պարզաբանում է նաև մի շարք աստվածաբանական եզրեր և հասկացություններ` մեկնաբանելով դրանք ուղղափառ տեսանկյունից: Գիրքը նախատեսված է աստվածաբանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանությամբ և եկեղեցական մատենագրությամբ հետաքրքրվողների համար: Գիրքը տպագրվել է մեկենասությամբ տեր և տիկին Էդգար և Մարիաննա Ղազարյանների:

Նմանատիպ նյութեր