211652_close_icon
views-count871 դիտում article-date 12:18 16-10-2014

«Կարնեգի» հիմնադրամը պատրաստակամ է աջակցել ՀՀ կրթական նախաձեռնություններին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Նյու-Յորքի "Կարնեգի" հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորեանին և փոխնախագահ Դեանա Արսենյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է "Կարնեգի" հիմնադրամի հետ համատեղ կրթական ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Ընդգծելով, որ միջազգային կապերի ընդլայնումը Հայաստանի կրթական քաղաքականության հիմնական ուղղություններից է, նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական ձեռքբերումները: Մասնավորապես, հայ դպրոցականներն այս տարի ևս լուրջ հաջողություններ են ունեցել միջազգային առարկայական օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 19 մեդալ: "Այս ցուցանիշով փոքրաթիվ բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը գերազանցում է մեր հարևան Ադրբեջանին ու Վրաստանին միասին վերցրած և գրեթե հավասարվում է մեր մյուս հարևան Թուրքիային: Հայաստանի կրթական կարևոր նորությունը՝ "Շախմատ" առարկայի ներմուծումն է հանրակրթական ծրագրերում, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային կրթական միջավայրում",-նշել է նախարարը` ընդգծելով, որ ներկայումս գիտամանկավարժական գնահատում է իրականացվում՝ առարկայի ներդրման արդյունավետությունը գնահատելու նպատակով, թեև, ըստ Ա. Աշոտյանի, նախնական դիտարկումներն արդեն վկայում են, որ երեք տարի դպրոցում շախմատ ուսուցանած երեխան ունի ավելի արագ և զարգացած մտածողություն: Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի դպրոցներում օտար լեզուների ուսուցման համակարգը, ինչպես նաև միջազգային համագործակցության ծրագրերը՝ շեշտելով, որ կրթական համակարգի մրցունակության բարձրացման ուղղությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այս հարցում պատրաստ է բաց համագործակցության` միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու հանրային կառույցների հետ: Ա. Աշոտյանը շեշտել է նաև, որ Հայաստանի կրթական համակարգը մի կողմից դեռևս կրում է խորհրդային դպրոցի հետքերը, սակայն միաժամանակ արդեն ներգրավված է եվրոպական կրթական տարածքում: Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ Հայաստանը 2012 թվականին երեք տարով ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը և այժմ նախապատրաստվում է Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին, որի անցկացումը նախատեսված է 2015 թվականի մայիսին: "Կարնեգի" հիմնադրամի պատասխանատուները, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել են, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի կրթական համակարգի ուսումնասիրությամբ և պատրաստ են նպաստել ինչպես արտերկրում Սփյուռքի հայկական կրթօջախների գործունեությանը, այնպես էլ Հայաստանում ընթացող կրթական նախաձեռնություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական այլ հիմնախնդիրներ:

Նմանատիպ նյութեր