211652_close_icon
views-count3847 դիտում article-date 13:32 25-10-2014

Մշակույթի նախարարը հյուընկալել է նորվեգացի հայտնի ճանապարհորդ Թուր Հեյերդալի որդուն՝ Թուր Հեյերդալ Կրտսերին

Ս. թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հյուրընկալել է նորվեգացի հայտնի ճանապարհորդ, ազգագրագետ և հնագետ Թուր Հեյերդալի որդուն՝ Թուր Հեյերդալ Կրտսերին, նրա տիկնոջը՝ Գրեթե Սոլֆրիդ Հեյերդալին, Կոն-Տիկի թանգարանի (ներկայացնում է Թուր Հեյերդալի կյանքն ու գործունեությունը) մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Հալֆդան Թանգեին: Մշակույթի նախարար Հ. Պողոսյանը ջերմորեն ողջունել է հյուրերին և նշել, որ հպարտ է հյուրընկալել Թուր Հեյերդալ Կրտսերին. «Հայաստանը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, վստահ եմ, որ մեր երկիրը ճանաչելուց հետո անպայման վերադառնալու եք»: Հեյերդալ Կրտսերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ու նշել, որ առաջին անգամ է Հայաստանում, մեր երկրին ծոնթացել է նորվեգացի բևեռախույզ, գիտնական, հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի միջոցով. «Հայաստանը և Նորվեգիան ունեն շատ նմանություններ: Այս երկրում առաջին անգամ եմ, բայց երիտասարդ տարիներին ճանապարհորդել եմ կովկասյան լեռներում և այսօր զարմացած եմ, թե իմ տեսած լեռնային շատ բնակավայրեր որքան նման են Նորվեգիային: Դուք չունեք օվկիանոսներ, որոնք հայրս ուսումնասիրում էր, բայց ունեք շատ սարեր»: Թուր Հեյերդալ Ավագը, հայտնի է իր՝ օվկիանոսի շուրջը սփռված հազարավոր համայնքների մշակութային նմանություններ փնտրելու գործունեությամբ: ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը կարևորել է նորվեգացի ճանապարհորդ Հեյերդալ Ավագի գործունեությունը, որն իրապես իր երևակայության և եռանդի շնորհիվ համամարդակային հարգանքի է արժանացել: Թուր Հեյերդալ Կրտսերը հորը միացել է 1955 թվականին՝ դեպի Զատկի կղզի կազմակերպված հնագիտական գիտարշավի ժամանակ: Խորհրդային տարիներին Հայաստանում ճանապարհորդ Թուր Հեյերդալ Ավագի երեք գիրք է թարգմանվել հայերեն՝ այդ թվում «Կոն-Տիկի» և «Ֆրիտյոֆ Նանսեն»: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն առաջարկել է 2015 թվականին Հայաստանում մշակույթի շաբաթ անցկացնել՝ նվիրված Թուր Հեյերդալի 100-ամյակին: Այդ առթիվ նախատեսվում է հայերեն հրատարակել Հեյերդալ Ավագի հինգ գիրք և անպայման ցուցադրել «Կոն-Տիկի» գրքի հիման վրա նկարահանված նորվեգական պատմական վավերագրական ֆիլմը, որը Թուր Հեյերդալի հետազոտությունների մասին է և արժանացել է կինոաշխարհում հեղինակավոր «Օսկարի» մրցանակին:

Նմանատիպ նյութեր