211652_close_icon
views-count1106 դիտում article-date 16:48 07-11-2014

Սերժ Սարգսյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ վերջին տարիներին շատ սերտ համագործակցություն է ձևավորվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջև ու այդ առումով հատկապես ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանականների հետ նախորդ հանդիպումից հետո բավականաչափ ժամանակ է անցել, և այդ ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում և նրա շուրջ ու պատրաստակամություն է հայտնել քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են կամ կարող են հետաքրքրել Լեռնային Ղարաբաղի հասարակությանն ու իշխանություններին: ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հերթական հանդիպման և միջխորհրդարանական համագործակցության օրակարգի հարցերի քննարկումից բացի, Հայաստանի ու Արցախի համար արդիական և կարևոր մի շարք հարցերի վերաբերյալ օգտակար տեղեկություններ հաղորդելու, ինչպես նաև անցած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր գնահատականները ներկայացնելու պատրաստակամության համար: Հանդիպման սկզբում Աշոտ Ղուլյանը նախ ներկայացրել է Երևանում այսօր սկսված միջխորհրդարանական նիստի օրակարգային հարցերը, որոնք ԼՂՀ ԱԺ նախագահի համոզմամբ, ընդգրկում են անցած նիստին հաջորդած ժամանակահատվածի հրատապ բոլոր թեմաները: Դրանք, ըստ նրա, ներառվել են օրակարգի երկու հարցերում՝ ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի, քննարկումների և միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումների ու ՀՀ պատվիրակությունների հաշվետվությունների մեջ: ԼՂՀ խորհրդարանի նախագահը և պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորները նիստի շրջանակներում քննարկումներն ու տեղեկատվության փոխանակումը համարել են երկուստեք օգտակար՝ գոհունակությամբ նշելով, որ երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությանը նոր և արդյունավետ ձևաչափեր են ավելանում, որոնք ավելի են խորացնում միջխորհրդարանական կապերը: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող կարևորագույն հարցերին, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացին, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին, սահմանադրական բարեփոխումների գործընթացին և մի շարք այլ թեմաների, պատասխանել նաև խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին: Հանդիպման ավարտին զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ կայուն և ուժեղ Հայաստանը Արցախի անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխավորն է: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը վստահեցրել է, որ Արցախի խորհրդարանն այսուհետ ևս իր լիազորությունների շրջանակներում անելու է ամեն հնարավորը՝ Հայաստանի հետ կապերի առավել խորացման և հայ ժողովրդի անվտանգության ապահովմանն ու բարօրությանն ուղղված քաղաքական միասնական ուղեգծի իրագործման համար:

Նմանատիպ նյութեր