211652_close_icon
views-count1430 դիտում article-date 15:25 13-11-2014

ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանն աշխատանքային քննարկում է անցկացրել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի հետ

Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների բաժնի պատասխանատու Ռատկա Ռուբիլինան և նույն բաժնի ավագ օգնական Ինա Երանոսյանը: Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը ներկայացրեց ծառայությունում կատարված աշխատանքներն ու նորարարությունները, մանրամասնելով, որ այդ աշխատանքերի բարելավման շրջանակներում ստեղծվել է անվճար «Ձայնային պորտալ», «Թեժ գիծ», իսկ շուրջ մեկ ամիս առաջ թողարկվել է քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջը (www.ced.am): Քրեակատարողական ծառայությունում այս պահին մշակման փուլում են մի շարք օրենքների և կառավարության որոշումների փոփոխությունների ու լրացումների նոր նախագծեր, որոնց ընդունումն էապես կբարձրացնի ծառայության աշխատանքի որակը, կբարելավի դատապարտված և կալանավորված անձանց պահման պայմանները, կապահովի նրանց ներգրավածությունը աշխատանքում և կլուծի սոցիալական ոլորտի մի շարք հարցեր: Քրեակատարողական վարչության պետը քննարկման ներկայացրեց մի քանի ծրագիր-առաջարկներ, մասնավորապես՝ քրեակատարողական ծառայողների վերապատրաստման, անչափահասների շրջանում ստեղծագործական ունակությունների վերհանման և դատապարտյալ կանանց հասարակության վերինտեգրմանն ուղղված, նրանց շրջանում մասնագիտական թրեյնինգների կազմակերպման վերաբերյալ հարցերը: ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինը նախ շնորհավորեց քրեակատարողական վարչության պետին նոր պաշտոնի ստանձման կապակցությամբ, բեղմնավոր աշխատանք մաղթեց, ապա հավելեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը պատրաստակամ է աջակցել քրեակատարողական ծառայությունում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին համագործակցության պատրաստակամության համար և առավել մանրամասն ուսումնասիրելու համար նրան հանձնեց առաջարկությունների փաթեթը:

Նմանատիպ նյութեր