6506 դիտում
18:24 13-11-2014
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. ինչպես ինքն է ասել. «Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է»
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան տարեդարձն է: Ու էլի ափսոսում ենք, որ հնարավորություն չունենք վայելելու նրա ներկայությունը: Կարոտի միայն մեկ դեղատոմս կարող ենք առաջարկել` կարդալ Վանոյին` հայտնաբերելով, որ նա բոլորիցս լավ է հասկանում այսօրվա իրավիճակը, դեռ երեկ է հասկացել ու մտավորականի իր բարձունքից կանխատեսել կատարվելիքը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] -ի խմբագրակազմը շնորհավորում է Վանո Սիրադեղյանին` նրան մաղթելով միայն մեկ բան` առողջություն:
Ստորև հատվածաբար ներկայացնում ենք Սիրադեղյանի` «Առաջին ու վերջին քայլը ազատության ճանապարհին» հոդվածը, որն ուղղակիորեն արտացոլու է այսօրվա քաղաքական ու բարոյահոգեբանական վիճակը:
«…Չափներդ ճանաչեք, պարոնայք, չափներդ ճանաչեք։ Դուք ձեզ ու ժողովրդին կապում եք ռուսական բանակի աբոզին՝ զորքի մսացու անասունի նման։ Այսօր Արցախին սպառնում են, որ զորքը կհանեն։ Այսօր ձեզ թույլատրվում է հայ ժողովրդին վերջնականապես մեկուսացնել Կովկասում ու Արևելքում, վաղը զորքը հանելու սպառնալիքով կփակեն ձեր չափը չիմացող բերանը (պարզապես կհրամայեն և դուք կպապանձվեք), մյուս օրը զորքը հարկադրաբար կհանեն, և ժողովուրդը կմնա մահվան օղակում։ Դուք, ճիշտ է, ժամանակին թռած կլինեք Մոսկվա։
Եվ հեռվից՝ Մոսկվայից, Փարիզից, Լոնդոնից անամոթաբար կասեք՝ բա որ ասում էինք Մոսկվային չգրգռենք…
Բանակը կույս աղջիկ չէ, որ նեղացնես հեռանա։ Ժողովուրդները հարաբերությունը խնամիների հարաբերություն չէ։ Եվ առհասարակ ստրուկի ու տիրոջ հարաբերության մեջ քաղաքականություն չկա։ Ստրկատիրոջ բարեհաճությունը կնվաճի ստրկուհին, կնվաճի հարյուր ստրուկից մեկը, դրա համար խելք հարկավոր չէ, անբարոյականությունը բավ է։ Պարզապես պետք է մատնիչ լինել։ Պետք է ստրկությունը համարել պարգև, խռովությունը մատնել։ Ձեր ասած քաղաքականությունն ու ողջախոհությունը սա է։ Պարզ է լույսի նման։ Ձեր անձնատվության զգեստը պետք է թափանցիկ լինի, որ տերը ձեր նվիրյալ մարմնի հմայքները տեսնի, բայց դա մեզ էլ տեսանելի է՝ ներողամիտ եղեք։ Այդ պարը դուք չեք կարող այնպես պարել, որ մի կողմից երևա։ Տերն էլ չի ուզենա, որ մի կողմից երևա։ Ժողովուրդը պիտի տեսնի իր երևելիների տրվելը՝ գայթակղություն կա։
Եկեք խոստովանենք (հանդգնեմ ասել), իմ գաղափարակից եղբայրներ, անձնազոհ այրեր, խոստովանենք, որ մեզ դեռ չի հաջողվել մեր առաջին քայլն իսկ անել առանց Ռուսաստանի, առանց հովանավորի ապրելու սարսափը ժողովրդի միջից հանել։ Հենց որ հաջողվեց, պարզվելու է, որ երկրորդ քայլ չկա․ դա մեր առաջին ու վերջին քայլն է ազատության ճանապարհին։
Միաբանության իմ ըմբռնումը։ Լիակատար միաբանություն չի լինելու։ Բնության մեջ չկա այդ բանից։ Մենք միաբանված էինք։ Այնքան, ինչքան հնարվոր է, որ միաբանվի մի ժողովուրդ։ Մեր շարժումը ապստամբական շարժման զարգացման տրամաբանություն ունեցավ։ Միաբանված էր՝ տրոհվեց։ Տրոհվել սկսվեց այն օրվանից, երբ Զորի Գայկովիչն ու Սիլվա Բարունակովնան Գորբաչովի մոտից եկան և ժողովրդին տուն ուղարկեցին։ Մոսկվայից զանգում էին՝ ժողովրդին պահեք մինչև գանք։ Ժողովուրդը պիտի պահվեր, որ ճնշում լիներ ու Գորբաչովը նրանց ընդուներ։ Ընդունեց՝ գերխնդիրը կատարված էր, եկան հանդիսավոր ցրելու։ Վերջին շնչումս դա կհիշեմ՝ ժողովուրդը անզորությունից, վիրավորանքից մռնչում, գալարվում ու չէր ուզում հրապարակից հեռանա։ Արցունքը աչքերին հեռացավ։ Չգնար, կարծում եմ, Արցախի հարցը կտրուկ լուծում կունենար։
Ադրբեջանը քնած էր։ Ադրբեջան չկար։ Քաղբյուրոն շփոթված էր։ Իսկ մենք փոքրոգաբար ապստամբության մեջքը ջարդեցինք։
Հետո Սումգայիթ եղավ։ Ժողովուրդը ուզում էր կառավարության հետ միանա՝ անմիտ երազանք։ Ում կառավարության հետ պիտի միանայինք։ Մեր հրաշք միաբանությունը մեզ քիչ էր թվում, մեր եռանդը ծախսում էինք աշխարհում չեղած֊ չլսված֊չտեսնված մի միաբանություն հորինելու վրա և օր օրի կորցնում էինք ունեցածը։
Միաբանվենք գոռալով` կասկած էինք սերմ անում մեր մեջ, իբր միաբան չենք, ու այդ կասկածն էլ քանդում էր մեր շարքերը։ Եթե 2, 5, 10 հոգի մեզ հետ չէին, ասում էինք միաբան չենք։ Աներևակայելի, տնաքանդ մի մեծամտությամբ ուզում էինք, որ մեջներս ուրիշ կերպ մտածող, միանալ չկամեցող հարյուր հոգի չլինի։ Բևեռները միացնել էինք ուզում, չհասկանալով, չուզենալով հասկանալ, եզի համառությամբ դիմադրելով բևեռների իրողությանը՝ բա բոլորս էլ հայ չե՞նք, մեզնից ո՞վ Ղարաբաղը չի ուզում։
Բոլորս էլ ուզում ենք Ղարաբաղը, բայց մի մասը ուզում է կյանքը զոհելու գնով, մյուս մասը՝ բարօրությունը, երրորդները ոչինչ չեն զոհի, եթե տան՝ կվերցնեն։ Եթովպացին էլ կվերցներ։ Մարդ էլ կա՝ Ղարաբաղի ցավի վրա աստիճանի ու փառքի է տիրանում։ Այդ էլ կա։ Բոլոր ազգերի մեջ կա։ Իսկ մենք դեռ բացառիկ ազգ չենք։ Այո, այս իմաստով, բոլորս չէ, որ հայ ենք, և բոլորը չէ, որ Արցախը ուզում են։ Երկու տարի այդպես էր։ Այսօր այդպես է։ 200 տարի հետո այդպես կլինի։ Հաշտվենք մեկընդմիշտ, որ քաղաքականության մեջ պիտանի ազգ դառնանք։
Նմանատիպ նյութեր
4519 դիտում
11:04 13-11-2021
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. ծնունդդ շնորհավոր՛ր, Վանո Սիրադեղյան
41459 դիտում
12:43 13-11-2015
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. ՇՆՈՐՀԱՎՈՐ. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30342 դիտում
10:47 13-11-2016
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է, ում բացակայությունը շատերն են զգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ