211652_close_icon
views-count3354 դիտում article-date 22:58 14-11-2014

«Արցախցին պետք է բուժվի Արցախում» կարգախոսն իրականություն է դառնում. ֆոտոշարք

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ ու միջոցներով Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում կբացվի Անգիոգրաֆիկ կենտրոն: Այս ներդրումը կարեւորագույն քայլ է Արցախի առողջապահության ոլորտում, քանի որ հենց այստեղ են կատարվելու սրտի եւ մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվելու ու բուժվելու անոթային խնդիրներ ունեցողները: Կենտրոնում արդեն տեղադրվել է գերմանական ,,Սիմենս,, ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆը: Այս սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել մարդու ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում, ի դեպ, ոչ միայն սրտի անոթների, այլեւ մնացած բոլոր օրգանների: Միջամտությունները բացարձակապես անցավ են, մեծ մասը կատարվում է նախաբազկի զարկերակից, ինչն իջեցնում է միջամտությունների բարդությունների հնարավորությունն ու ավելի հարմարավետ է հիվանդների համար, ինչպես նաև կրճատում է հոսպիտալացման ժամկետը: Անգիոգրաֆիկ կենտրոնում աշխատում են հմուտ բժիշկներ, բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ, որոնք արդեն վերապատրաստվել են Հայաստանում՝ ,,Էրեբունի,, ԲԿ-ի՝ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անվան Անգիոգրաֆիկ ծառայությունում եւ Ռուսաստանում՝ Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում: Անգիոգաֆիկ մեթոդը,հատկապես,կիրառվում է ինվազիվ սրտաբանության մեջ: Ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։ Եվրոպական սրտաբանության փորձն, օրինակ, ցույց է տալիս, որ սրտամկանի ինֆարկտի դեպքում ստենտավորված քաղաքացիների 95 տոկոսն ապրում է։ Մինչդեռ առանց այդ միջամտության ինֆարկտից հետո յուրաքանչյուր 5-րդը կարող է մահանալ մեկ տարվա ընթացքում: Հատկապես կարեւոր է արագ բուժօգնության խնդիրը: ,,Ոսկե ժամ,, կոչվող ժամանակահատվածում, այլ կերպ ասած, ինֆարկտի առաջին ժամերին կատարված անգիոգրաֆիան հնարավորություն է տալիս փրկել հիվանդի կյանքը՝ հայտնաբերելով խցանված անոթն ու արագ վերականգնելով արյան հոսքը: Բժշկական այս միջամտությունը հնարավորություն է տալիս բարձրացնել կյանքի որակն ու կանխել հաշմանդամությունը: Հիշեցնենք, որ սրտանոթային հիվանդություններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ու Արցախում մահացության ցուցանիշով առաջին տեղում են: Այսուհետ ԼՂՀ-ում սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդները հնարավորություն ունեն օգտվելու բժշկական այն ծառայություններից, որոնք հաջողությամբ կիրառվում են աշխարհի լավագույն կլինիկաներում: Ինվազիվ սրտաբանական ծառայությունը հասանելի կդառնա ԼՂՀ բոլոր քաղաքացիների համար: Անգիոգրաֆիկ կենտրոնը կաշխատի 24-ժամյա ռեժիմով՝ սերտ համագործակցելով առողջության պահպանման առաջնային օղակի և հատկապես շտապօգնության ծառայության հետ: Հաստատված պրոտոկոլների համաձայն՝ սուր ինֆարկտների դեպքում արագ և ճիշտ կգնահատվի հիվանդի վիճակը, և ամենակարճ ժամանակում կտեղափոխվի Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ կենտրոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր