211652_close_icon
views-count936 դիտում article-date 18:09 18-11-2014

Խորհրդարանական լսումներ՝ ՀՀ Ազգային ժողովում

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Ոստիկանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը եւ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով: Բացման խոսքում Կորյուն Նահապետյանը նշել է, որ թեման կարեւորվում է ոստիկանության գործունեության կարեւորագույն սկզբունքների` թափանցիկության, հաշվետվողականության, խորհրդարան-ոստիկանություն գործնական հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ՝ խորհրդարանական վերահսկողության հետագա ամրապնդման համատեքստում: Ըստ նրա` վերջին տարիներին ոստիկանության համակարգում ծավալուն փոփոխություններ են իրականացվում, ինչը դուրս չի մնացել խորհրդարանի ուշադրությունից: Պարոն Նահապետյանը նշել է, որ խորհրդարանական լսումները շատ կարեւոր հարթակ են, որտեղ հնարավոր է անդրադառնալ ոստիկանության գործունեության առանցքային խնդիրներին ու բարեփոխումներին, ինչպես նաեւ ներկայացնել առաջարկներ: Նրա դիտարկմամբ` ժողովրդավարական հասարակությունում ոստիկանությունը պետք է հաշվետու լինի իր քաղաքացիների, հանրության ու պետության առջեւ, իսկ հաշվետվողականության սկզբունքն ունի ոչ միայն պետական, այլ նաեւ՝ գործնական նշանակություն: Կորյուն Նահապետյանը նշել է, որ ոստիկանությունը պետք է պարզ ու հասանելի լինի վերահսկող տարբեր մարմինների համար, եւ այս առումով խորհրդարանական վերահսկողությունը պետք է ունենա իր առանցքային դերակատարումը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշել է, որ ձեւավորվող հասարակական հարաբերությունները ոստիկանության համար նոր խնդիրներ են առաջացրել, ինչը ստիպել է արմատապես փոխել համակարգի գործելաոճը եւ նոր որակ հաղորդել իրականացվող աշխատանքներին` գերխնդիր դարձնելով յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունը: Այդ նպատակների իրականացման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգային փոփոխություններ` ոստիկանության գործունեությունը դարձնելով առավել թափանցիկ: Ըստ նրա` ոստիկանությունը պետք է մշտապես հաշվետու լինի պետության, հասարակության եւ իր նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների առջեւ: Պարոն Եղիազարյանը նշել է նաեւ, որ ուժային այս կառույցը վերահսկողություն իրականացնող կառույցներին պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում իրականացվող աշխատանքների եւ ծրագրերի վերաբերյալ: Այդ մարմինները մշտադիտարկման են ենթարկում եւ գնահատում ոստիկանության աշխատանքը, տալիս համապատասխան առաջարկներ ու հանձնարարականներ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալի խոսքով` պակաս կարեւոր չէ նաեւ քաղաքացիական հասարակության հետ բաց ու թափանցիկ համագործակցությունը: Թափանցիկության արդյունք է նաեւ ոստիկանության բազմաբովանդակ ինտերնետային կայքը:

Նմանատիպ նյութեր