211652_close_icon
views-count1012 դիտում article-date 18:50 08-12-2014

Խորհրդարանական լսումներ՝ Ազգային ժողովում

Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով` նվիրված ցեղասպանությունների իրավական հարցերին: Լսումները նպատակաուղղված էին ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտմանն ու կանխարգելմանը, ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարի հրամայականին, ինչպես նաեւ հետեւանքների վերացման իրավական հիմնախնդիրներին: Լսումներին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա է եղել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին: Լսումերին մասնակցել եւ զեկույցներով հանդես են եկել սփյուռքի երկու կառույցների` Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Եվրոպական հրեական խորհրդարանի պատվիրակություններն իրենց ղեկավարների գլխավորությամբ: Ելույթներ են ունեցել նաեւ Հայ Դատի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, հայկական ավանդական կուսակցությունների, ակադեմիական եւ գիտական շրջանակների հայտնի մասնագետներ, իրավագետներ, ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ: Զեկույցներում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը եւ Հոլոքոստին, արծարծվել են տարբեր պատմական ժամանակահատվածներում իրականացված այդ հանցագործությունների պատմական եւ քաղաքական փոխկապվածության եւ փոխպայմանավորվածության հարցերը: Հնչեցված ելույթներում մասնավորապես քննարկվել են Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվության կիրառելի իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները: Անդրադարձ է կատարվել ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարին, ներկայացվել են մի շարք պետություններում այդ հանցագործության ժխտման համար պատասխանատվություն նախատեսող օրենսդրության արդի կանոնակարգումները եւ քննարկվել են ժխտողականության հարցում առկա հիմնական մարտահրավերները: Վերլուծվել է ցեղասպանությունների հետեւանքների վերացման հարցում առկա միջազգային փորձը եւ դրանց հնարավոր լուծումների կիրառման կառուցակարգերը: Որպես ցեղասպանական քաղաքականության իրականացման հիմքեր՝ մատնանշվել են եւ դատապարտվել կրոնական եւ էթնիկ անհանդուրժողականության, խտրականության, այլատյացության, ռասիզմի եւ հակասեմիթականության զանազան դրսեւորումներ:

Նմանատիպ նյութեր