211652_close_icon
views-count892 դիտում article-date 12:25 19-11-2014

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հռոմ է մեկնել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Հռոմ մասնակցելու աշխարհի տարբեր երկրներում մանկական ամոքիչ (պալիատիվ) օգնության զարգացման ժամանակակից հիմնահարցերին նվիրված 2-րդ Եվրոպական եռօրյա համաժողովին: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության միջազգային գործընկերներ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ջանքերով: Վերջինս ակտիվ գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 70 երկրում, օժանդակում մեր պետությանը բազմաթիվ, այդ թվում` հանրային առողջապահության և կրթության հասանելիության բնագավառներում: Համաժողովին մասնակցում են աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության բարձրաստիճան հեղինակավոր կազմակերպիչներ, մասնագետներ: ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է ամոքիչ խնամքի դերը, ուշադրության կենտրոնում պահում, ծանր, անբուժելի հիվանդություններով տառապող կամ անդամալույծ հիվանդների խնամքն իրականացնող ծառայության զարգացմանն ուղղված քայլերը: Այս հիվանդներն առավել քան կարիք ունեն արհեստավարժ բուժօգնության և հոգածության: Այս միջոցառումը hնարավորություն է ընձեռում ծանոթանալու միջազգային փորձի հետ, ուսումնասիրելու բուժօգնության այս տեսակի կազմակերպման նրբությունները և ժամանակակից միտումները տարբեր երկրներում, որոնք հետագայում հնարավոր կլինի քննարկել` Հայաստանում կառավարման արդյունավետ մեխանիզմ ներդնելու նպատակով: Համաժողովի շրջանակում քննարկվելու են նաև այս ոլորտում շարունակական կրթական ծրագրերի մշակման հարցերը:

Նմանատիպ նյութեր