211652_close_icon
views-count12799 դիտում article-date 19:48 24-11-2014

Խոցված ուղղաթիռի օդաչուները հիմա էլ երկնքում սավառնելով են պաշտպանելու մեզ ու մեր հայրենիքը. Մանվել Գրիգորյան

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր՝ նոյմբերի 24-ին խոցված ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Առհասարակ, զոհված օդաչուներին վերջին հրաժեշտ տալու եկած քաղաքացիների թիվն այնքան շատ էր, որ նրանք երկար ժամանակ եկեղեցու բակում սպասում էին, մինչեւ որ կարողանային ներս մտնել եւ հարգանքի տուրք մատուցել: Իսկ հոգեհանգստյան կարգը մատուցում է Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ խոցված ուղղաթիռի զինվորները ոչ թե զոհվեցին, այլ անմահացան եւ հիմա էլ երկնքում սավառնելով են պաշտպանելու մեր հայրենիքը, մեզ ու մեր երեխաներին: Նշելով, որ կորուստը անդառնալի է, բայց տղաները կյանքը ճիշտ ապրեցին: Հատկապես այն դեպքում, որ ոչ թե վատ առաջադրանք կատարելուց, այլ ուսամունավարժանքի ժամանակ են զոհվել: Մինչեւ այդ ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հայտնել էին, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը՝ ԼՂՀ Զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: «Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»,- ասված էր հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ հայկական մարտական Մի-24 ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները: Ավելին, մինչեւ հիմա նրանց չեն վերադարձնում: SHAMSHYAN.com-ը ճշտել էր, որ ուղղաթիռի մեջ եղել են մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանը, ով Երևանի Նորք Նորքի Գյուրջյան փողոցի բնակիչ է, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, ով նույնպես Նոր-Նորքից է եւ Չարենցավանի բնակիչ, 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը, իսկ նրանց հարազատներից եւ ծանոթներից տեղեկացել էինք, որ Սարգիսը եւ Ազատն ամուսնացած չեն: Սարգիսի ընտանիքում կա 5 երեխա, իսկ Ազատի ընտանիքում՝ 2: Ազատն ընտանիքի միակ տղան էր: Նշենք նաեւ, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-20.00-ն, Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Իսկ նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նմանատիպ նյութեր