915 դիտում
12:28 26-11-2014
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ծանրակշիռ դերը ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափում. Գալուստ Սահակյան
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն: Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արա Բաբլոյանը, Կարեն Ավագյանը եւ Արմեն Ռուստամյանը: Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը շնորհավորել է պարոն Լարշեին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ այսօր այդ հարաբերությունները հասել են առանձնահատուկ մակարդակի՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների միջեւ առկա պատմամշակութային բազմադարյան կապերը: Նա նշել է նաեւ, որ երկու երկրներն իրար կապող ամուր կամուրջ է նաեւ Ֆրանսիայի մեծ ու ազդեցիկ հայկական համայնքը: Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ 1992 թվականի փետրվարին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ծավալված բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը կայուն հիմք է դարձել տնտեսական, մշակութային, կրթական, գիտական եւ այլ բնագավառներում սերտ եւ արդյունավետ համագործակցության համար:
Գալուստ Սահակյանը մեկ անգամ եւս փաստել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ծանրակշիռ դերը միջազգային ասպարեզում, մասնավորապես, նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Խոսելով Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Խորհրդարանի նախագահը մտահոգություն է հայտնել այն հանգամանքի առթիվ, որ նույն մոտեցումները չի կիսում Ադրբեջանը՝ ամեն կերպ փորձելով տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը եւ տարածաշրջանը պահելով լարված վիճակում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի մասին՝ այդ սադրիչ գործողությունները որակելով որպես զինադադարի կոպիտ խախտում: Նա հավելել է, որ մարդկային կյանքեր խլած այդ գործողությունը պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից: Գալուստ Սահակյանը Ֆրանսիայի Սենատի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատի նախագահը հետեւողական կլինի Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի նոր նախագծի ներկայացման եւ դրա ընդունման հարցում:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Սենատ այցելելու համար եւ վստահեցրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների այժմյան բարձր մակարդակը շարունակելու է բարձրանալ խորհրդարանների սերտ համագործակցության արդյունքում:
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի տնտեսապես առավել զարգացած տարածաշրջանի` Օ-դը-Սենի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պատրիկ Դեվեջյանի հետ:
Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաեւ Փարիզի հայ առաքելական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Փարիզի Երեւանյան այգում, որտեղ պատվիրակության անդամները ծաղիկներ են տեղադրել Կոմիտասի արձանի առջեւ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված