3827 դիտում
16:14 03-03-2017
Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում. Գալուստ Սահակյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ համակրանքի վրա:
Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի է հասել Եվրասիական տնտեսական միությանը միանալով, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Անդրադառնալով օրենսդրական դաշտում համագործակցությանը` ՀՀ ԱԺ նախագահն այս շրջանակում բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի եւ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ արդյունավետ աշխատանքը:
Միջխորհրդարանական համագործակցության համատեքստում Գալուստ Սահակյանը կարեւորել է փոխգործակցությունը խորհրդարանական վեհաժողովների շրջանակում` ընդգծելով, որ փոխադարձ աջակցությունը միջազգային հարթակներում բխում է մեր երկրների դաշնակցային շահերից:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Հայաստանը մշտապես հանդես է եկել հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին, սակայն բախվել է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճին:
«Չնայած Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն անտեսում է դրանք եւ շարունակում է սրել իրավիճակը շփման գծում: Հայկական կողմը կարեւորում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Համոզված ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին` խորհրդարանի ղեկավարը երախտագիտությամբ է ընդգծել այն փաստը, որ դեռեւս 1995 թվականին է Պետական դուման ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ` ապրիլի 24-ը ճանաչելով ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «20-րդ դարասկզբին կատարված այս ոճրագործության ճանաչումն ու դատապարտումը կարեւոր նշանակություն ունի մարդկության դեմ ծանրագույն հանցագործությունների կանխարգելման գործում: Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի պատգամն է ողջ մարդկությանը` այլեւս երբեք»,-նշել է Գալուստ Սահակյանը:
Վյաչեսլավ Վոլոդինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ կապերն ունեն խոր արմատներ եւ ձեւավորված ավանդույթներ, որոնք պետք է պահպանել եւ առավել ամրապնդել: Պետական դումայի նախագահը, անդրադառնալով երկու երկրների ռազմավարական գործընկերությանն ու միջխորհրդարանական հարաբերություններին, կարեւորել է միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նա նշել է, որ Ռուսաստանն անում է հնարավորը տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Այս համատեքստում Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ իրենք ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի ձեւաչափում:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս հանդիպումները նոր որակ կհաղորդեն եւ հեռանկարներ կստեղծեն երկկողմ համագործակցության ընդլայնման համար:
Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», տնկել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղեւնի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1471 դիտում
17:13 12-04-2014
Ջեյմս Ուորլիքը առանցքային է համարում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ՀԿ-ների դերը
Այս բաժնից
613 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
907 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
652 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով