211652_close_icon
views-count809 դիտում article-date 16:02 26-11-2014

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների՝ ապագա քաղաքագետների եւ դիվանագետների հետ: Ավելի քան երկու ժամ ընթացած ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների բազմաբնույթ հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության առանցքային հարցերին, սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ զարգացման միտումներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից սպասելիքներին եւ այլն: Ուսանողներին հետաքրքրող հարցերից էր ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որին ի պատասխան պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի: Ի պատասխան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների վերաբերյալ հարցի՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ոգեկոչման միջոցառումներ են կազմակերպվելու եւ մեր երկրում, եւ նրա սահմաններից դուրս: Մասնավորապես, Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցադրություններ են կազմակերպվելու Կիպրոսի, Հունաստանի եւ Չեխիայի խորհրդարաններում: Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ ժխտողականության դեմ պայքարըշարունակելու է մնալ երկրի արտաքին քաղաքական կարեւորագույն հարցերից մեկը, ինչը նպատակ ունի ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլեւ կանխել հնարավոր նման ոճրագործությունները: ԱԺ փոխնախագահն ուսանողների խնդրանքով խոսել է նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացից եւ Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությունից: Այս համատեքստում նա նշել է այն դրական միտումները, որոնք արդեն իսկ նկատելի են՝ գազի սակագնի պահպանում, ադամանդագործության զարգացում, արտահանման ծավալների մեծացում, շուրջ 170 միլինոնանոց շուկայի հնարավորություն:

Նմանատիպ նյութեր