995 դիտում
10:22 01-12-2014
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ
Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին, երկրի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այս քայլով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բոլիվիան իր կարևոր ներդրումը բերեց պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ հանցագործությունների ճանաչման, դատապարտման, կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի վեհ գործում։
Հիշեցնենք,որ նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում՝ կիրակնօրյա պատարագից հետո, տեղի ունեցավ Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի կողմից` Օսմանյան կայսրության իրականացրած 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանին և Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանին հանձնելու արարողությունը: Միջոցառմանը, որպես հատուկ հյուրեր, հրավիրված էին Բոլիվիայի Սենատի նախագահի տեղակալ, Սենատի գործող նախագահ Սոնյա Գուարդիա Մելգարը և Պատգամավորների պալատի պատգամավոր Ֆարիդես Վալա Սուարես դե Սուարեսը: Իր ելույթում Տիկին Սոնյա Մելգարը, անդրադառնալով Բոլիվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նշեց, որ Բոլիվիայի ժողովուրդն ու իշխանությունները ոչ միայն իրենց համերաշխությունն ու զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին` հանուն արդարության պայքարի գործում, այլ նաև դատապարտում են 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստի ժխտողականության ցանկացած դրսևորում: Նա ընդգծեց նաև, որ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջոցով հնարավոր կլինի ազգերի և պետությունների կյանքում կանխարգելել նման ոճիրների կրկնությունը: Իր ելույթում դեսպան Մելիքյանը Հայաստանի Հանրապետության իշխանությունների անունից խորին երախտագիտություն հայտնեց Բոլիվիայի ժողովրդին և իշխանություններին՝ այս կարևոր և պատմական իրադարձության կապակցությամբ: Ըստ դեսպանի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին Բոլիվիայի կողմից այս ճանաչումը նոր էջ է բացում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում և ևս մեկ անգամ ապացուցում, որ ժխտողականության և մերժողականության քաղաքականությունը ի զորու չէ պայքարելու արդարության և ճշմարտության հաստատման դեմ: Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում, մասնավորապես հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև` պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»: Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:
Նմանատիպ նյութեր
2310 դիտում
11:00 24-07-2015
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»