Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կ. Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին
Երեկ Ադրբեջանի միապետը նշել է, թե Հայաստանը չի ցանկանում առաջընթաց Արցախյան հիմնահարցում՝ փորձելով պահպանել ստատուս քվոն։ Ալիեւը հիշեցրել է ՄԱԿ-ի չորս բանաձեւերը, որոնք իբրեւ թե անտեսվում են Հայաստանի կողմից։
Ադրբեջանի նախագահի կողմից նշված չորս բանաձեւերի վերաբերյալ շահարկումներին լավագույնս անդրադարձել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այս տարի սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ
նստաշրջանում։ Թարմացնենք Ալիեւի հիշողությունը՝ մեջբերելով Հայաստանի նախագահի ելույթից հատվածներ։
ՄԱԿ-ի բոլոր չորս բանաձեւերում որպես առաջնային եւ անվերապահ պահանջ նշվում է ռազմական եւ թշնամական
գործողությունների դադարեցումը, ինչն այս տարիների ընթացքում չի իրականացվել Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի
կողմից այս բանաձեւերի հիմնարար պահանջները չկատարելու հետեւանքով էր, որ անհնար դարձավ դրանց ամբողջական
իրականացումը:
Բանաձեւերում կոչ է արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջեւ՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական եւ բարոյական նորմերը:
Նշված բանաձեւերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում Արցախի հետ, որը 1994թ. հրադադարի եւ մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլեւ թշնամանք է քարոզում։
Ոչ մի բանաձեւում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, եւ նաեւ դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձեւերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ:
Ադրբեջանի շարունակում է մարդասիրական նորմերի խախտումը. գերեվարված հայերի, խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունքը, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում:
Զորավարժությունների ժամանակ «հերոսություն» են անում ուղղաթիռ խոցելով, չեն թողնում մոտենալ մեր զոհերի դիերին
Սրանք ընդամենը ոչ ժողովրդավար երկրի նախագահի նյարդային դրսեւորումներն են։ Քանի որ կատարյալ ֆիասկո է ապրում Ալիեւի ռազմական արկածախնդրությունը, դե, մարդն էլ նյարդայնանում է։ Իսկ նյարդայնացողներին, ինչպես
Վլադիմիր Գասպարյանն է ասում, մի մխիթարանք կա՝ սառը ցնցուղ ընդունեք։