211652_close_icon
views-count1498 դիտում article-date 12:45 06-12-2014

Ժամկետային զինծառայողների շուրջ 950 ծնողներ հնարավորություն ստացան կրկին այցելելու սահմանամերձ զորամասեր. ֆոտոշարք

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու և տեսակցելու իրենց զավակներին: Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի՝ այս տարվա հերթական այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ և ԼՂՀ ՊԲ զորամասեր կուղևորվեն ժամկետային զինծառայողների շուրջ 950 ծնողներ: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել ու զրուցել են ծնողների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է օգնել ու աջակցել երևանաբնակ զինծառայողներին՝ հայրենիքին պատվով ծառայելու հարցում: «Մենք այսօր հերթական անգամ հնարավորություն ենք ընձեռել սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողներին այցելելու իրենց որդիների զորամասեր: Բազմիցս նշել եմ, որ արդեն բարի ավանդույթ դարձած այս ծրագրի գաղափարը ծնվեց բնակչության հետ իմ հանդիպումների ժամանակ և ուրախ եմ, որ այն կարողացանք կյանքի կոչել ու արդեն հազարավոր ծնողների այդ հնարավորությունն ընձեռվել է: Այս նախաձեռնության շնորհիվ տարեկան, առնվազն, երկու անգամ նրանք այցելում են զորամասեր, տեղում ծանոթանում իրենց զավակների ծառայությանը, կենցաղային պայմաններին», - ընդգծել է քաղաքապետը: Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրն իսկապես սպասված էր բնակիչների կողմից, փաստում է տարեցտարի զորամասեր այցելելու ցանկություն հայտնող ծնողների թվի ավելացումը: Եթե 2013թ. կազմակերպված 2 այցելություններին ընդհանուր առմամբ մասնակցել էր շուրջ 1100 ծնող, ապա այս տարվա միայն գարնանը կազմակերպված այցի ժամանակ գրեթե նույնքան ծնող օգտվեց նախաձեռնությունից: Եվս 950-ն էլ այս անգամ է մեկնում: «Այս հարցում մեր մոտեցումը հստակ է. ցանկություն հայտնած բոլոր ծնողներին պետք է ընձեռենք այս հնարավորությունը: Սա, իմ կարծիքով, սոցիալականից բացի մեկ այլ կարևոր նշանակություն էլ ունի. զինվորների ծնողները տեղում են համոզվում, որ մեր բանակում զինվորի նորմալ ծառայություն անցկացնելու համար ստեղծված են բոլոր պայմանները: Ի դեպ, զորամասեր կատարած իմ այցելության ժամանակ ես նաև իմացա, որ այս նախաձեռնությունն առանձնակի գնահատվում է հենց մեր զինվորների կողմից, ովքեր լրացուցիչ անգամ համոզվում են, որ իրենց հարազատ քաղաքի իշխանությունները ևս իրենց հետ են ու պատրաստ են մշտապես աջակցելու», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ճանապարհին: «Մեր հաջողությունը համագործակցությունն է բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակում, և մենք միանշանակ բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետի և իր աշխատակազմի այս նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր տարի, առնվազն, երկու անգամ ծնողներին ուղեկցելու իրենց որդիների զորամասեր: Այդպիսի ակցիաներ իրականացնում է նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը, և վերջին տարիներին բավականին լուրջ միջոցառումներ են կազմակերպվում ինչպես զորամասերում ծնողների հետ հանդիպումներ կազմակերպելու, այնպես էլ լավագույն զինծառայողներին, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում իրենց ծնողներին հանդիպելու ուղղությամբ: Անշուշտ, այսպիսի հանդիպումների կազմակերպման շնորհիվ ավելի է ամրապնդվում կապը բանակի հետ և ոգեշնչվում են ինչպես ծնողները, այնպես էլ զինծառայողները»,- նշել է Սեյրան Օհանյանը: Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը՝ ժամկետային զինծառայողների ծնողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին և Սեյրան Օհանյանին ցուցաբերվող վերաբերմունքի ու հատուկ ուշադրության համար: Հարկ է նկատել, որ, տարեկան, առնվազն, երկու անգամ սահմանամերձ զորմասերում ծառայող երևանաբնակ զինվորների հետ իրենց ծնողների հանդիպումները կազմակերպելուն զուգահեռ, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված համաձայնությամբ մայրաքաղաքից զորակոչված ժամկետային զինծառայողները հնարավորություն են ստանում նաև Երևանում հանդիպելու իրենց ծնողներին ու հարազատներին: «Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ մենք ոչ միայն ծնողներին ենք ուղարկում զորամասեր, այլև ծառայության ժամանակ աչքի ընկած մեր զինվորներն են լրացուցիչ արձակուրդի հնարավորություն ստանում և գալիս Երևան: Այս տարի երևանաբնակ արդեն ավելի քան 500 զինծառայող է այցելել Երևան ու խրախուսվել 5-օրյա արձակուրդով: Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում պաշտպանության նախարարությանն՝ ի դեմս նախարար պարոն Սեյրան Օհանյանի, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությանը՝ այս կարևոր ծրագրերի իրականացմանն աջակցելու համար»,- ընդգծել է քաղաքապետը: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այցը կազմակերպելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացված են: Նշվել է նաև, որ այս անգամ ևս ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում կլինեն նաև բժիշկներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր