30560 դիտում
15:26 19-12-2014
Վթարի է ենթարկվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի եղբայրը. նա մեքենայից շպրտվել է դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Քասաղ գյուղի վարչական տարածքում, բախվել են Զովունի գյուղի բնակիչ, 58-ամյա Սանասար Ավետիսյանի վարած Վազ 2121 մակնիշի 80 AA 080 համարանիշի և 47-ամյա Արմեն Ավետիսյանի վարած BMW մակնիշի 12 AQ 002 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 մեքենաների վարորդները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները: Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Քոլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Նիվայի վարորդ Ս. Ավետիսյանը, ով չթույլատրելի հատվածից փորձել է շրջադարձ կատարել և, ստեղծելով վթարային իրավիճակ BMW-ի վարորդի համար, հնարավորություն չի տվել, որպեսզի BMW-ի վարորդը գլխավոր ճանապարհով ազատ երթևեկի:
Ականատեսները ֆոտոլրագրողին ասում էին, որ եթե Նիվայի վարորդն ամրագոտին կապած լիներ, նա ավտոմեքենայից չէր շպրտվի դուրս, ինչի հետևանքով էլ մեքենայի դիմապակին նույնպես ընկած էր գետնին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Ավետիսյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի և Զովունիի գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի եղբայրն է, ով նշված տարածքում ունի լիմոնադի արտադրամաս:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+