211652_close_icon
views-count2530 դիտում article-date 16:43 29-12-2014

Հունվարի 1-ից Արցախում կմեկնարկի սրտի անհետաձգելի վիրահատության` ստենտավորման ծրագիրը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առողջապահության ոլորտի զարգացման ծրագրին համահունչ ԼՂՀ առողջապահության նախարարությունը մշակել և արդեն հաստատել է սրտի անհետաձգելի վիրահատությունների նոր ծրագիր` սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշված հիվանդների համար: ԼՂՀ առողջապահության նախարարի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում ծառայության) կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» հրամանի համաձայն սրտի անհետաձգելի ներանոթային վիրահատության կարիք ունեցողներին ոչ դեղապատ մեկ ստենտը կտեղադրվի անվճար: Այն տարածվելու է սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշված (ST-էլեվացիայով) ԼՂՀ քաղաքացիների վրա անկախ սոցիալական պատկանելությունից, բացառությամբ այն քաղաքացիների, որոնք օգտվում են պետական այլ ծրագրերից: Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 179 մլն դրամ, ինչի շնորհիվ սուր ինֆարկտի ժամանակ (ST-էլեվացիայով) մոտ 80 հիվանդ կստենտավորվի ամբողջովին անվճար, իսկ պլանային հետազոտությունների` կորոնարոգրաֆիայի և պլանային վիրահատությունների արժեքի 70 տոկոսը ևս կֆինանսավորի պետությունը: Ծրագիրը մեկնարկելու է 2015 թվականի հունվարի 1-ից: Ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար իրականացման ընթացքում ի հայտ եկող բոլոր կազմակերպչական խնդիրները կլուծվեն ԼՂՀ առողջապահության նախարարության և Հանրապետական բժշկական կենտրոնի համապատասխան մասնագետների անմիջական աջակցությամբ: ԼՂՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մշտապես կկազմակերպվեն բժշկական օգնության և սպասարկման որակի և ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով մշտադիտարկումներ: Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերի 15-ին ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի բազայի վրա բացվել է Անգիոգրաֆիայի կենտրոնն, ինչը Արցախի բնակչությանը հնարավորություն է ընձեռել սրտի կորոնոգրաֆիան և ներանոթային վիրահատությունները կատարել տեղում: Մինչ այդ սրտի ինվազիվ միջամտությունների կարիք ունեցողները հիմնականում վիրահատվում էին Հայաստանում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր