1841 դիտում
16:30 24-12-2014
Մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը. ՀՀ Առողջապահության նախարարություն
Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրն իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կնքեց փոխմբռնման հուշագիր սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների միջև:
Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման համար 2015 թվականին պետական բյուջեից կհատկացվի 500 մլն դրամ: Կյանք փրկող այս ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ սոցիալական խմբում:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ սրտի անհետաձգելի վիրահատությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթ է: Դրա իրականացումը նախարարի գնահատմամբ` առաջին հերթին պահանջում է բարձ պատասխանատվություն: Նա ընդգծեց, որ ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող բոլոր կազմակերպական խնդիրները կլուծվեն նախարարության և ծրագրում ընդգրկված բժշկական կենտրոնների մասնագետների անմիջական աջակցությամբ:
«Լուծվելու են բոլոր կազմակերպական խնդիրները` ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար: Ծրագրի իրականացումը և որակի վերահսկողությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է լինելու»,- ասաց Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ այս ծրագիրը ոչ միան առողջապահական, այլև սոցիալական նշանակություն է: Նախարարը հորդորեց գործընկերներին հետևել ծրագրի բոլոր դրույթներին և քննարկել խնդիրները, ինչը թույլ կտա մոտ ապագայում խոսել առաջին դրական արդյունքների մասին:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը, ներկայացրեց ծրագրի իրականացման համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաև Երևանում և մարզերում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշեց, որ ծրագրի շնորհիվ բնակչության բոլոր խավերը կկարողանան սրտի անհետաձգելի վիրահատության դեպքում օգտվել պետության կողմից ընձեռված հնարավորությունից:
«Սուր ինֆարկտի ծանր դեպքերում բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում կտեղադրվի ոչ դեղապատ մեկ ստենտ»,- մանրամասնեց Վահան Պողոսյանը: Նա հայտնեց, որ բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների կազմակերպան համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մշակվել է չափոփոշիչ, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: Չափորոշչ
Նա հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալությունում ստեղծվել է զանգերի կենտրոն (+374 10) 65 47 11 կամ 65 46 91 հեռախոսահամարներով) ` քաղաքացիների և բժշկական կենտրոններին տեղակատվություն տրամադրելու համար:
Պատասխանելով լրագրողների հարցին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը նշեց, որ այն մոտեցումը որն ընտրվել է սոցիալական կարևոր նշանակության այս ծրագրի համար ոչ բոլոր, անգամ զարգացած երկրներում է իրականացվում:
«Մարդիկ գումար չունենալու պատճառով սրտի անհետաձգելի վիրահատության անհրաժեշտության դեպքում հաճախ անելանելի վիճակում էին հայտնվում, և պատահական չէ, որ այս ծրագիրը մենք կարճ անվանել ենք «կյանք փրկող» ծրագիր»,- հավելեց Վահան Պողոսյանը:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սրտի անվճար և արտոնյալ վիրահատությունները իրականացվում են` բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 36,0 և ավելի անապահովության միավոր ունեցող անձանց, սոցիալական փաթեթի շահառուններ հանդիսացող` զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին: Նոր ծրագիրը հնարավորություն կտա ներկայումս սրտի անվճար վիրահատությունների իրավունք չունեցող անձանց վիրահատությունները 2015թ. հունվարի 1-ից իրականացնել անվճար և/կամ արտոնյալ սկզբունքով: Այդ նպատակով նոր ծրագրով նախատեսված տարեկան 500,0 մլն դրամը մեկ վիրահատության գինը 720,0-750,0 հազ դրամ կիրառելու պայմաներում հնարավորություն կտա տարեկան նախնական հաշվարկների համաձայն վիրահատել 660-690 անձանց:
Հաշվի առնելով, որ նշված ծառայության գծով պահանջարկը բարձր է, անվճար վիրահատությունների կարիք ունեցող քաղաքացինների ընտրության համար մշակվում է համապատասխան կարգ: Սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնող բժշկական կազմակերպություններում ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից պարբերաբար իրականացվում են բժշկական օգնության և սպասարկման որակի և ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով մշտադիտարկումներ:
Նմանատիպ նյութեր
2527 դիտում
16:43 29-12-2014
Հունվարի 1-ից Արցախում կմեկնարկի սրտի անհետաձգելի վիրահատության` ստենտավորման ծրագիրը
3438 դիտում
12:03 01-03-2014
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անհետաձգելի վիրահատության է ենթարկվել
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»