211652_close_icon
views-count1592 դիտում article-date 10:21 06-01-2015

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն կամ «Աստվածահայտնություն ընդհանուր անվամբ: Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը` (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում): Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը: Հիսուսի ծնունդն այսպես եղավ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Աստծո Որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին` երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջե: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները:

Նմանատիպ նյութեր