38990 դիտում
21:00 06-01-2015
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը «ամանորյա նվեր» մատուցեց նախկինում ծանր հանցանքի համար դատապարտված, մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած սիրված հեռուստասերիալների դերասանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը դիմել է Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11 շենքի բնակիչ, 56-ամյա Սամվել Ղարիբյանի նկատմամբ:
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ նշված դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով դռնփակ նիստն անցկացրել և մտել էր խորհրդակցական սենյակ, վերադառնալով՝ որոշեց մերժել քննիչ Դ. Մարտիրոսյանի միջնորդությունը և փոխարենը նախկինում ծանր հանցագործության համար դատապարտված, իսկ այժմ էլ մեկ այլ դատարանում քննվող Ս. Ղարիբյանին ազատ արձակեց՝ բավարարելով նրա փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը: Փաստաբանը միջնորդել էր, որպեսզի իր պաշտպանյալը 1 մլն գրավի դիմաց ազատ արձակվի:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Ս. Ղարիբյանը նախկինում ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման Ուկրաինայի Հանրապետությունում և 6 տարի պատիժը կրելուց հետո Ուկրաինայում համաներմամբ ազատ էր արձակվել, իսկ վրաերթի ժամանակ նա դատարանի որոշմամբ ներգրավված է եղել որպես մեղադրյալ այն բանի համար, որ անցյալ տարի իր [url=http://old.shamshyan.com/arm/2014-01-08-shant-restoran.html]ավտոմեքենայով ներխուժել էր[/url] իր եղբորը պատկանող «Շանթ» ռեստորանային համալիր, որտեղ սգո միջոցառում էր անցկացվում և նշված արարքի համար դատարանը նրան ստորագրությամբ ազատ էր արձակել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացած Գ. Հայրապետյանի մայրը ասում էր. «Վրաերթից հետո ես փորձում էր օգնություն ցույց տալ աղջկաս: Սամվել Ղարիբյանը իր կնոջ հետ մոտեցան ինձ և վիրավոր աղջկաս: Նրա կինը փորձում էր օգնություն ցուցաբերել և մենք խնդրեցինք վարորդին, որպեսզի իր ավտոմեքենան մոտեցնի և ցավերի մեջ գալարվող աղջկաս տեղափոխենք հիվանդանոց, սակայն նա լկտիաբար ասաց, թե մենք այստեղ անելիք չունենք, ա՛յ կնիկ, հելի, գնանք ու կնոջ թևը քաշելով՝ փախավ»:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/04/39113/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հունվարի 4-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել էր Երևան քաղաքի Կուրղինյան 11 շենքի բնակիչ, 56-ամյա Սամվել Ղարիբյանը: Վերջինս կասկածվում էր անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Կուրղինյան փողոցի 5-րդ շենքի դիմաց իր վարած Ford Transit մակնիշի 706 ՏՍ 65 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի բնակչուհի, 56-ամյա Գոհար Հայրապետյանին վրաերթի ենթարկելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթից հետո Ս. Ղարիբյանը Գ. Հայրապետյանին թողել էր անօգնական և հեռացել դեպքի վայրից: Օրեր անց Գ. Հայրապետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել էր: Փաստի առթիվ դեկտեմբերի 26-ին քննիչի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի՝ (Ճանապարհային երթևեկության և տրաստպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 2-րդ մասի՝ (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վրաերթ կատարած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ Երևանի քննչական վարչության քննիչները, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները ձեռնարկել էին օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ինչի շնորհիվ հայտնաբերվել էր Ս. Ղարիբյանն ու նրա վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենան:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+