211652_close_icon
views-count42050 դիտում article-date 14:39 20-02-2023

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում․ մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Արմավիրի մարզի ոստիկանապետի ու Վաղարշապատի ոստիկանապետի գլխավորությամբ՝ տաք հետքերով հայտնաբերվեց վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 20-ին, մահված ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12 կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալներ Արամ Ադիբեկյանի, Հայկ Դավթյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննիչը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 74-ամյա Մրազ Ի․-ն է։ 

Տեղում Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կ․ Հակոբյանի, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ա․ Բդոյանի գլխավորությամբ մի քանի օպերատիվ խմբեր են ստեղծվում։ Ու մինչ քննիչը կշարունակեր դեպքի վայրի զննությունը, ոստիկանները՝ վարչության պետի և Վաղարշապատի ոստիկանապետի գլխավորությամբ, օպերատիվ տվյալներով պարզում են, որ վրաերթը կատարվել է Renault մակնիշի ավտոմեքենայի կողմից։

Տաք հետքերով՝ ոստիկանները, այնուհետև համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության ՕՏԱ բաժնի ծառայողների հետ, հայտնաբերում են և՛ նշված ավտոմեքենան, և՛ վարորդին, ով Կոտայքի մարզի բնակիչ 71-ամյա Գարեգին Խ․-ն է։ 

Վերջինս և նրա Renault ավտոմեքենան տեղափոխում են Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ վարորդին ներկայացնում են Վաղարշապատի քննչական բաժին։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր