Գերմանիան ցանկանում է որպես միջնորդ հանդես գալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում. Ա. Մերկել
Գերմանիան հանդես է գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և ձգտում է իր սեփական ներդրումն ունենալ այդ գործընթացում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ անցկացրած համատեղ մամլո ասուլիսում, հաղորդում է Interfax-ը:
«Մենք ենթադրում ենք, որ Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական միությունը կարող են հանդես գալ նման նախաձեռնությամբ և որոշակի ներդրում ունենալ հակամարտության կարգավորման մեջ: Դրա հետ կապված՝ Ադրբեջանը Եվրահանձնաժողովի հետ բանակցություններ է վարելու»,-ասել է Մերկելը:
Նա հիշեցրել է, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցություններին, որոնք իրականացվում են ՄԽ համանախագահող երկրների միջնորդությամբ:
«Այս իրավիճակից դուրս գալու մեկ ելք կա միայն՝ խաղաղ կարգավորումը: Հրադադարի հաճախակի խախտումը, անշուշտ, բացասական փաստ է: Ես գտնում եմ, որ այստեղ որոշակի դեր է խաղում նաև Ռուսաստանը: Պարզապես ցանկանում էի դա ընդգծել»,-ասել է Գերմանիայի կանցլերը: