211652_close_icon
views-count1425 դիտում article-date 21:00 23-01-2015

«Երեւան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները 2014թ. դեկտեմբերին

Ամանորին երեւանցին ջրի խնդիր չունեցավ: Տարեվերջին` հեռուստաալիքներից մեկին տված իր ամփոփիչ հարցազրույցում «Երեւան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը խոստացավ, որ տոնական օրերին երեւանցիները ջուր կունենան լիուլի: Ընկերությունը հավատարիմ մնաց իր խոստմանը: Չնայած այդ օրերին ջրի սպառման ծավալների ավանդական ավելացմանը` «1-85 հեռախոսային կենտրոնում» հեռախոսազանգերի թիվը կտրուկ նվազեց: Անցած ամիս Երեւանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 81,4%-ը (4,4% ավելի, քան նոյեմբերին), 17-23,5 ժամ՝ 15,2%-ը, իսկ 12-17 ժամ՝ ընդամենը 3,4%-ը: Ավելին, նման հաջողությունը ձեռք բերվեց ջրի շարունակական տնտեսման պարագայում: Անցյալ տարվա վերջում հայտարարվեց նաեւ, որ ձմռան ցրտերով պայմանավորված շինարարական աշխատանքները համակարգում կդադարեցվեն: Այս խոստմանը, սակայն, «հավատարիմ մնալ չստացվեց». օգտվելով եղանակի բարեհաճությունից` համակարգում «ձեռքները ծալած չնստեցին» եւ շարունակեցին շինարարական աշխատանքները: Այսպես, Նոր Նորքի 7-րդ զանգվածում` Դավիթ Բեկի փողոցից դեպի Հունան Ավետիսյան փողոց ձգվող ջրագիծը, որը կառուցված էր այսպես կոչված ժապավենային խողովակից, երկար տարիների շահագործումից քայքայվել էր ու վայրկյանում մոտ 10 լիտր ջրի կորուստ առաջացրել: Որոշվեց վթարված ջրագիծը հանել շահագործումից եւ դրա միջով «ներսրսկել» մոտ 60 մ երկարություն ունեցող 150 մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակ: Արդյունքում քաղաքի այդ հատվածում բարձրացվեց ջրի ճնշումը եւ ապահովվեց կանոնավոր ջրամատակարարում: Ոչ պակաս խնդրահարույց էր Վերին Շենգավիթի 1-ին փողոցի ջրագիծը: Տարերայնորեն կառուցապատված թաղամասի այդ հատվածում ջրագծերը խճողված էին` բնակիչների կողմից կամայականորեն անցկացված, ինչն էլ մշտապես խնդիրներ էր առաջացնում: Այդ իսկ պատճառով «Երեւան Ջուր»-ը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին ձեռնամուխ եղավ փողոցում նոր ջրագծի անցկացմանը: Տեղական իշխանությունն իրականացրեց հողային աշխատանքները, իսկ ընկերությունը սեփական միջոցներով մոնտաժեց 150 մետր երկարությամբ պոլիէթիլենե նոր ջրագիծ, որին բնակիչները մեկը մյուսի հետեւից սկսեցին միացնել իրենց անհատական ջրագծերը: Դրա շնորհիվ շենգավիթցիներն ունեցան կանոնավոր ջրամատակարարում, որն իրոք ցանկալի նվեր էր նրանց համար նոր տարվա շեմին: Իսկ պլանավորված աշխատանքներից դեկտեմբերին ամբողջությամբ ավարտվել են նախորդ ամիսներին սկսված մի շարք ծրագրեր: Դրանք են` Եղվարդի Շիրակի փողոցի ջրագծի կառուցումը, Նոր Արեշի 3-րդ եւ 5-րդ փողոցների ջրագծի փոխարինումը, Խորեն Խաչատրյան եւ Բաշինջաղյան փողոցների խաչմերուկից մինչեւ Լենինգրադյան 52 ջրամատակարարման համակարգի վերակառուցումը, Սունդուկյան 1, Բաղրամյան 70 եւ Դեմիրճյան 31 շենքերի կոյուղագծերի վերակառուցումը, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 47 մանկապարտեզի, Մարգարյան 2-րդ նրբանցքի 35 մանկապարտեզի եւ Բաշինջաղյան 184 շենքի կոյուղագծերի վերակառուցումը, Բաբաջանյան 79-87 եւ Անդրանիկի 158 շենքերի կոյուղագծերի վերակառուցումը: Թեկուզեւ, իրոք, դեկտեմբերը շինարարության առումով ակտիվ ամիս չէր, միեւնույն է ընդհանուր առմամբ համակարգում զգալի աշխատանք է կատարվել: Այսպես, կառուցվել է 1201 մետր պոլիէթիլենե եւ 522 մետր մետաղական ջրագիծ, փոխարինվել` 239 մետր ջրագիծ, շահագործումից հանվել է 3028 մետր վթարված ջրագիծ: Նաեւ վերացվել է 592 ջրագծի վթար, 2085 կոյուղու վթար եւ 184 վթար` պոմպակայաններում: Տեղադրվել է 33 փական եւ 12 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 40 ջրաչափ, մաքրվել է 15 դիտահոր եւ 598 անձրեւընդունիչ: «Երեւան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1504 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին: Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման եւ հաշվառման գործընթացը:

Նմանատիպ նյութեր