Ջերի Լի Լյուիսի Harley-Davidson-ը վաճառվել է 385 հազար դոլարով
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կասսիմի քաղաքում աճուրդի ժամանակ ամերիկացի լեգենդար երաժիշտ Ջերի Լի Լյուիսին պատկանող Harley-Davidson ֆիրմային մոտոցիկլետը վաճառվել է 385.000 դոլարով:
Այս մասին հայտնել են Mecum աճուրդի տան ներկայացուցիչները:
Այդ մոտոցիկլետը Harley-Davidson-ը նվիրել էր Լյուիսին 1959թ-ին: Ավելի ուշ՝ ռոքնռոլի թագավոր Էլվիս Փրեսլիին սև-սպիտակ Harley-Davidson FLH Duo-Glide են նվիրել: Ըստ Լյուիսի՝ ինքը նույնիսկ առաջարկել է Փրեսլիին մոտոցիկլետները միմյանց փոխանակել, քանի որ Էլվիսը վրդովվել է, որ նվերը ուշ է ստացել:
Աճուրդի սրահում ներկա է եղել նաև 79-ամյա Լյուիսը: Մոտոցիկլետի նոր տիրոջ անունը չի բացահայտվում: