211652_close_icon
views-count1337 դիտում article-date 19:05 27-01-2015

Նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության Նախագահը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, հայ-իրանական հարաբերությունների օրակարգը և համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու լավ հնարավորություն են: Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2013 թվականին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր այցը և Նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հանդիպումն ու պայմանավորվածություները, որոնց իրագործման, ինչպես նաև բարեկամ Իրանի հետ հարաբերությունները մշտապես նորոգելու և խորացնելու հարցում Հայաստանը պատրաստակամ է ու շահագրգիռ: Արտգործնախարար Զարիֆն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները կարող են աշխարհի համար լավ օրինակ լինել, թե ինչպես մահմեդական և քրիստոնեական երկրները կարող են կողք-կողքի խաղաղ համակեցություն ունենալ: Նա նշել է, որ Իրանը ևս շահագրգիռ է առանց սահմանափակումների բոլոր ոլորտներում զարգացնել բարեկամ և վստահելի գործընկեր Հայաստանի հետ հարաբերությունները: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են տնտեսական համագործակցության հարցերը, և հատկապես նախանշված խոշոր ծրագրերի իրականացման գործում հետևողական աշխատանքը, որը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճին և իր ազդեցությունը կունենա այլ ոլորտներում հարաբերությունների առավել սերտացմանը: ՀՀ Նախագահը և Իրանի արտգործնախարարն անդրադարձել են նաև տարածաշրջանի և միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայման և տևական կայունության ու խաղաղության հասնելու համար, նրանց կարծիքով, չափազանց կարևոր է միմյանց աջակցելը:

Նմանատիպ նյութեր