211652_close_icon
views-count95457 դիտում article-date 13:01 31-01-2015

Առանձնակի ու դաժան սպանություն՝ Երևանում. ոստիկանները հենց տան մեջ բռնել են սպանությունը կատարած 2 տղամարդու և 1 կնոջ. հայտնի են սպանությունը կատարողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հունվարի 31-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի 24 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Լևոն Լևոնյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 30 բնակարանի խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են 69-ամյա Արշավիր Բարսամյանի դին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ անկողնում հայտնաբերվել է կպչուն ժապավենով (սկոճ) փաթաթված մուրճ, որի վրա առկա են արյան հետքեր, իսկ մուրճի կոթը կոտրված է և նույնպես կպչուն ժապավենով փաթաթված: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության, համայնքային ոստիկանության և քրեական հետախուզության օպերլիազորները՝ Մաշտոցի բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ ահազանգով այդ պահին օպերատիվորեն ժամանել են նշված հասցե և փորձել են տնից դուրս գալու ժամանակ ներսում գտնվող 2 տղամարդու և մի կնոջ բռնել, սակայն նրանք սկզբում դիմադրություն են ցուցաբերել և սկսել են անհոդաբաշխ արտահայտություններ անել, թե համայնքային ոստիկաններն ու քրեականի օպերները շաբաթ օրով խանգարում են իրենց անդորրը: Այնուամենայնիվ, նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Այս պահին տեղում աշխատում են նաև փորձագետն ու դատաբժիշկը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սպանվածը հավանաբար մինչև խոհանոց տեղափոխվելը քնած է եղել, քանի որ անկողինն ամբողջովին պատված է արյունով, իսկ հանցագործության գործիք մուրճը և մուրճի պոկված կոթն ակնողնում էր: Հարվածելուց առաջ էլ ստահակները սպանվածի բերանը թուղթ են լցրել, երևի թե, որպեսզի նա չբղավի: Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Եթե Մաշտոցի միլիցեքը մի քիչ ուշանային, սրանք էթալու էին ու սաղ հարևաններով ընկնելու էինք պատմության մեջ, բոլորիս կասկածելու էին: Լավ էր, գործեցին օպերատիվ ու արագ, ու էդ ճիվաղներին հենց տան մեջ էլ բռնեցին»: Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր ու բնակվում էր միայնակ: Արդեն տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: *** 15:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է՝ զարհուրելի սպանության կասկածանքով հենց սպանության վայրից ոստիկանության Մաշտոցի բաժին տարված անձինք են՝ Հրազդան քաղաքի բնակիչներ, 78-ամյա Բախշի Երիցյանը, նրա կինը՝ 63-ամյա Էլմիրա Երիցյանը և 50-ամյա Ռաֆիկ Մկրտչյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ստահակները իրենց սև գործն անելուց առաջ «Գազ 3110» մակնիշի 77 ՏՕ 677 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանից եկել են Երևան, մեքենան կայանել են Մարգարյան փողոցում, որից հետո ոտքով գնացել են Ֆուչիկի 24 շենքի թիվ 30 բնակարան, որտեղ էլ կատարել են իրենց սև գործը: Ավագ քննիչ Լ. Լևոնյանի որոշմամբ նրանք երեքն էլ ձերբակալվել են: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ սպանությունը կատարած ամուսինները սպանվածի ազգականներն են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր