211652_close_icon
views-count2101 դիտում article-date 10:38 05-02-2015

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն կրճատում Հայաստանին տրվող օգնության ծավալը. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ Օբամա-Բայդեն վարչակարգը Կոնգրեսին է ներկայացրել 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որով կոչ է արվում կրճատել թե’ Հայաստանին, թե’ Ադրբեջանին ԱՄՆ-ի ցուցաբերած տնտեսական օգնության ծավալը: Միևնույն ժամանակ պահպանվում է երկու երկրների համար նախատեսված ռազմական օգնության ծավալը: Մասնավորապես, եթե Կոնգրեսը հավանության արժանացնի 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, ապա Հայաստանի համար նախատեսված տնտեսական օգնության ծավալը կկազմի 18 մլն 360.000 դոլար: Դա օգնության ռեկորդային ցածր ցուցանիշ է՝ սկսած Հայաստանի անկախության ձեռքբերումից: Սպիտակ տան առաջարկն ավելի քան 2 միլիոն դոլարով պակաս է՝ համեմատած 2014 ֆինանսական տարվա ցուցանիշի հետ, և կրկնակի պակաս է այն 40 միլիոն դոլար գումարից, որը պահանջում էին հայամետ կոնգրեսականներն ու ԱՄՆ Հայ դատի հանձնախումը ANCA-ն: 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի հաստատման դեպքում Հայաստանը Տնտեսական աջակցության հիմնադրամի կողմից կստանա 18 մլն 360.000 դոլար, Ադրբեջանը 7 մլն 978.000 դոլար, իսկ Վրաստանը 50 մլն 552.000 դոլար: Հայաստանին և Ադրբեջանին հատկացվելիք Օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը կազմելու է 1.7-ական միլիոն դոլար: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը թերթի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Օբամայի վարչակազմի այն ցանկության առնչությամբ, համաձայն որի՝ ռազմական օգնություն է նախատեսվում նաև Ադրբեջանի զինված ուժերին՝ չնայած Ադրբեջանի կողմից սահմանային ագրեսիայի հերթական ալիքին: Թեև, ըստ նրա, ԱՄՆ-ը փորձել է պահպանել հավասարակշռությունը հակամարտող երկրների միջև: Առաջիկա ամիսների ընթացքում ANCA-ն աշխատելու է մեծացնել աջակցության համար նախանշված գումարը: Արամ Համբարյանը հերքեց այն տեղեկությունները, թե Օբամայի վարչակազմը կրճատել է Հայաստանին ուղղված ֆինանսավորումը և վերացրել ԼՂ-ին տրվող ֆինանսավորումը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պատճառով: Նրա համոզմամբ՝ սա ընդհանուր միտում է»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր